Տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Օրերս «Հայկական օրակարգ» միջոցառմանը խոսեցի՝ փորձելով հնարավորինս հակիրճ ամփոփել իմ (և ոչ միայն իմ) մտքերը ազգային ուժերի սխալների և անելիքների մասին։
Այն, որ հաճախ իրար հարցնում ենք. «Լավ, բա այս վիճակում վերջը ի՞նչ է պետք անել», փորձում եմ այդ հարցին պատասխանել։ Ու եթե կան մարդիկ, որոնք իրապես հետաքրքրված են նաև պրակտիկ քայլերով, այդ հարցերին էլ եմ պատրաստ մասամբ պատասխանել, մասամբ էլ՝ միասին լուծումներ փնտրել։
Ելույթիս դրույթները՝ ստորև։ Մեկնաբանություններում կդնեմ ելույթիս տեսանյութը (շատ ավելի բացված տարբերակն է, կոնկրետ օրինակներով)։ Քննադատությունն ու հիմնավոր անհամաձայնությունը ողջունում եմ։
Նախ՝ աքսիոմ, հիմնադրույթ. ՀՀ ներկայիս իշխանությունները չեն ներկայացնում ազգային և պետական շահը, այլ նեկայացնում են մեկ անձի շահը մի կողմից, հակաՀայաստանի շահը՝ մյուս:
Գոյաբանական իրական լրջագույն սպառնալիքների, ռազմավարական անորոշության ներկայիս պայմաններում, կարծում եմ, ընդդիմությունը պետք է ստանձներ այդ խնդիրների, ազգային գաղափարների շուրջ հանրությանը մոբիլիզացնելու պատասխանատվությունը:
Ի՞նչ պետք է անեին ազգային ուժերը.
• ՍՈՒՎԵՐԵՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ. սուվերեն քաղհասարակություն, սուվերեն մեդիա, սուվերեն փորձագիտական կառույցներ (օր.՝ օբյեկտիվ և օպերատիվ գիտելիքի կուտակման և մշակման կենտրոններ), սուվերեն կրթական համակարգ և այլն:
• ԱԶԳԱՅԻՆ ՄՈԲԻԼԻԶԱՑՆՈՂ ՆԱՐԱՏԻՎԻ (ասելիքի) ՍՏԵՂԾՈՒՄ։
Ի՞նչ եղավ վերջին 4 տարում։
• Ազգային էլիտայի կատարյալ պարտություն նարատիվների դաշտում;
• Այսօր նարատիվները, կոլեկտիվ հիշողությունը թելադրում և ձևավորում է հակաՀայաստանը, իսկ ընդդիմությունը ակամա աջակցում է դրան (օրինակ՝ «խաղաղության դարաշրջանի» նարատիվը)։
• 4 տարում ընդդիմությունը չկարողացավ նույնիսկ սկսել վերոնշյալ ազգային ինստոտուտների ձևավորման գործընթացը, ընդհակառակը՝ հետընթաց ունենք, եղածն է քայքայվում։
Ի՞նչ է պետք անել։
• Ձևավորել, սահմանել, հստակեցնել ասելիքը «3Ա» բանաձևով. անվտանգություն, արդիականացում (մոդեռնիզացիա), առաջընթաց (զարգացում)։
• Դադարել մեղադրել ժողովրդին, հանրությանը, արտաքին ուժերին, քանի որ թե՛ ազգային ինստիտուտների ստեղծումը և զարգացումը, թե՛ նարատիվների և կոլեկտիվ հիշողության ձևավավորումը, թե՛ գոյաբանական խնդիրների լուծման ռազմավարություն մշակելն ու դրա շուրջ հանրային մոբիլիզացիան ազգային էլիտայի ՈՒՂԻՂ պարտականությունն են։
• «Մոբիլիզացիա» նշանակում է աշխատել ժողովրդի հնարավորինս լայն խմբերի հետ, այդ թվում այդ մարդկանց փոքր ու մեծ խնդիրներին էլ ուշադրություն դարձնելով։
• Մոբիլիզացիան և արդիականացումը էլիտաներն առաջինը պետք է սկսեն իրենք իրենցից, հակառակ դեպքում շուտով կդադարեն էլիտա լինելուց։ Պետք ա հաղթահարել միֆահենք, դավադրապաշտական մտածողությունը։
• Սկսել ինստիտուտներ ձևավորելը՝ հասկանալով, որ հեշտ, արագ, «շուստռի» լուծումներ (shortcuts) չկան։
Նիկոլին հեռացնելը առաջնահերթություն է, բայց առանց վերոնշյալ քայլերի (ինստիտուտների և բացատրող ու մոբիլիզացնող նարատիվների ձևավորում), չեմ կարծում, որ հեռացնելը ստացվի, նույնիսկ եթե հեռացվի, ապա նիկոլավիրուսը մնալու է՝ անընդհատ դաշտ բերելով նոր աղետաբեր նիկոլներ։
Իսկ ժամանակ գրեթե չունենք։
Այս մտքերը, ինչպես նշեցի, միայն իմը չեն։ Սա տասնյակից ավելի ռացիոնալ ազգայնականների մի քանի տարվա աշխատանքի ամփոփում է։ Ամեն պնդման հետևում երկար քննարկումներ են, մտքերի փոխանակում, վերլուծություններ, հետազոտություններ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը