Yerkir.am-ը գրում է
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում թուրք-ադրբեջանական տխրահռչակ, այսպես կոչված, Շուշիի հռչակագրի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավորների տիպիկ թուրքական վարքագիծը բացահայտեց ևս մի դավաճանություն, դարձյալ, բնականաբար, փաշինյանական իշխանության ձեռամբ:
«Հայաստան» խմբակցության պատգամավորների մերկացնող հարցերը, դիտարկումներն ու ելույթներն այսօր հստակորեն ցույց տվեցին, որ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն չի դատապարտում, այլ նաև անհամաձայնություն չունի թուրք-ադրբեջանական տխրահռչակ հռչակագրի դրույթների հետ:
Ավելին, ինչպես ցույց տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, Փաշինյանի իշխանության վարքագիծը որևէ աղերս չունի պետական շահի հետ. ՔՊ-ն դեմ է քվեարկում անգամ այն նախագծերին, որոնք բոլորովին կապ չունեն ներքաղաքական օրակարգերի հետ և բացառապես վերաբերում են համազգային-համապետական դիրքորոշումներին:
Իսկ, ընդհանրապես, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի կոնկրետ հարցին՝ Շուշիի հռչակագիրը ՀՀ-ի համար ընդունելի՞ է, թե՞ ոչ, ՔՊ-ական կարկառուն ներկայացուցիչ Գուրգեն Արսենյանի խայտառակ պատասխաններն ու ելույթները, օրվա քննարկմանը մասնակից ՔՊ-ականների վարքագիծն ու տրամադրությունները, ինչպես նաև խայտառակ քվեարկությունը և հայտարարության նախագծի տապալումը փաստեցին հետևյալը՝ փաշինյանական իշխանությունը ԿՈՂՄ Է Շուշիի հռչակագրին: Ըստ այդմ (ինչպես նաև այդ մասին իր ելույթում նշեց նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը)՝ Փաշինյանի իշխանությունը.
ԿՈՂՄ Է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում,
ԿՈՂՄ Է, որ Շուշին և Արցախն՝ ընդհանրապես, ադրբեջանական հողեր են,
ԿՈՂՄ Է, որ ՀՀ-ն ճանաչի Կարսի պայմանագիրը, հետևաբար՝ նաև անօրինական ճանաչի այդ պայմանագրից բխող ցանկացած տարածքային կորուստ,
ԿՈՂՄ Է Թուրքիայի՝ Ադրբեջանին աջակցելուն, հետևաբար՝ ահաբեկիչների` Արցախ տեղափոխությունը համարում է օրինական,
ԿՈՂՄ Է, որ Թուրքիան և Ադրբեջանը իրագործեն տխրահռչակ «Զանգեզուրյան միջանցքը»,
ԿՈՂՄ Է, որ Հայաստանի Հանրապետությունը օրակարգից հանի Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման քաղաքականությունը, և փաստում է, որ հայերը «կեղծում են պատմությունը»,
ԿՈՂՄ Է, որ օրինականացվեն թուրք-ադրբեջանական ռազմական հանցագործությունները, մշակութային ցեղասպանությունը և այլն:
Հետևաբար, կարող ենք հստակ եզրակացնել՝ Շուշիի թուրք-ադրբեջանական հայակործան հռչակագիրն իրականում ոչ թե ԵՐԿԿՈՂՄ, այլ ԵՌԱԿՈՂՄ հռչակագիր է, այն է՝ թուրք-ադրբեջանա-փաշինյանական հռչակագիր: Դրա կողմերից մեկը՝ փաշինյանականը, թեև իրավաբանորեն իր ստորագրությունը չի դրել հռչակագրի տեքստի տակ, այդուհանդերձ, իր դիրքորոշմամբ, վարքագծով ու գործողություններով ակտիվորեն ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է հռչակագրի հայակործան կետերի անշեղ իրագործմանը (տեղին է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի դիտարկումը՝ եթե նայենք ՔՊ-ականների պաշտպանած շահերին, ապա դրանց հայրենիքը, միանշանակ, Հայաստանը չէ):
Վահե Սարգսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը