16 04 2019

Ազնավուրի հիշատակին նվիրված համերգաշար է սպասվում․ 168․am

Ազնավուրի հիշատակին նվիրված համերգաշար է սպասվում․ 168․am

Մայիսի 26-ին Ազնավուրի հիշատակին նվիրված երևանյան համերգից առաջ 168.am-ը խոսել է Փարիզի՝ «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնի ղեկավար Հայկ Շահբազյանի հետ, ով նախագծի իրականացնողն է:

– Շանսոնիեի 95-ամյակին նվիրված համերգային ծրագիրը կհարստանա՞Մոսկվա տեղափոխվելուց առաջ և ընդհանուր առմամբ ի՞նչ փոփոխություններ կկրի նախագիծը Փարիզում ու ԱՄՆ-ում նախատեսվող համերգներին:

– Ծրագրի փոփոխությունների և ժամկետների մասին առայժմ շատ քիչ բան է հայտնի, երևանյան համերգից է կախված շատ բան: Շառլ Ազնավուրը մայիսի 22-ին կդառնար 95 տարեկան, և ArmCentre-ի կենտրոնի հետ համատեղ նախաձեռնած համերգային մեծ նախագծով մտադիր ենք մեր փառավոր հայրենակցի հիշատակին տուրք մատուցել:

Ֆրանսիացի հռչակավոր կատարողների ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին գեղեցիկ համերգային ծրագրով հանդես կգանք նախ՝ Ազնավուրի երկու հայրենիքներում՝ Հայաստանում և Ֆրանսիայում, և ապա՝ տարվա ընթացքում նախատեսում ենք շրջագայել Մոսկվայում և ԱՄՆ-ի ամենահայաշատ նահանգում՝ Կալիֆոռնիայում: Այսպիսով հայտարարում ենք հոբելյանական տարի Ազնավուրի համար:

– Նախագիծն իրականացնում եք, փաստորեն, հայաստանյան կազմակերպության հետ, այո՞:

– «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող համերգային նախագծի հեղինակը ArmCentre-ի հիմնադիր Վահե Հարությունյանն է: Նշեմ, որ Շանսոնիեի հիշատակին նվիրված համերգային ծրագիրը կանցկացվի Նիկոլյա և ՔրիստինաԱզնավուրների հովանու ներքո:

– Հայկ, համերգային ծրագրից խոսենք: Պատրաստվում եք կատարողների նույն կազմը պահպանել նաև մեծ քաղաքներո՞վ շրջելիս, թե՞ որոշակի փոփոխություններ այդուհանդերձ կկրի համերգային ծրագիրը:

– Համերգային նախագծի մեկնարկը կտրվի Երևանից: Մայիսի 26-ին Մարզահամերգային համալիրի բեմում բացառապես ֆրանսիացի երգիչները կլինեն: Նրանք հանդես կգան մեզ վաղուց սիրելի ու հարազատ դարձած Ազնավուրի երգերի կատարումներով՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին: Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ֆիլհարմոնիկի պրոֆեսիոնալ խումբն առաջին անգամ այդ մեծ սպորտային կոմպլեքսում պիտի ապահովի ազնավուրյան կատարումների նվագակցումը: Դա առանձնապես հեշտ բան չէ այդ ահռելի մակերես ունեցող տարածքի դեպքում՝ առավել ևս, որ մարզական կոմպլեքսին հատուկ միջավայր է ստեղծված, որտեղ ակուստիկայի մեծ խնդիր կա: Բայց հայաստանցի մեր գործընկերների հետ միասին լուծել ենք նաև այս խնդիրը: Բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող հատուկ մասնագետների միջոցով, որոնք, ի դեպ, նաև դրսից հրավիրվածներ են, այդ օրը կապահովենք բարձրակարգ երաժշտություն ու անկրկնելի համերգային երեկո:

Ինչ վերաբերում է ծրագրի փոփոխությանը՝ առայժմ մյուս գործընկերոջ հետ քննարկման դաշտում ենք, հավանաբար և կատարողների և համերգային ծրագրի մասով ներդաշնակ համալրումներ կունենանք Մոսկվայի և Փարիզի համերգների դեպքում:

– Ո՞ւմ կատարումներն է վայելելու հայաստանյան հանդիսատեսը` Մարզահամերգային համալիրում:

– Հայաստանյան համերգի կատարողները կլինեն աշխարհահռչակ կատարողներ՝ Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Պատրիկ Ֆիորին, Քեիթ Ռեինը և Սլիմանը: Ի դեպ, նախագծին աջակցում է նաև Ազնավուր ընտանիքը, և որդին՝ Նիկոլա Ազնավուրը, տիկնոջ ՝ Քրիստինա Ազնավուրի հետ միասին, այդ օրը ներկա կգտնվի երևանյան համերգին:

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ