2020 թվականի 44-օրյա պատերազմը աննկարագրելի արհավիրք էր Արցախի Հանրապետության քաղաքացիների համար, ու թեև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվել են, այդուհանդերձ Ադրբեջանը չի հրաժարվել իր նենգ ծրագրերից ու շարունակում է Արցախի Հանրապետության խաղաղ բնակչությանն ահաբեկելուն, արցախցիների մեջ պլանավորված խուճապ ձևավորելուն և այն պահպանելուն ուղղված քայլերը:Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայությունից։
2020թ. նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանի հատուկ ծառայությունները իրենց ողջ ներուժն ուղղել են համացանցային հնարավորությունների կիրառմամբ կիբերհարձակումների ու արցախցիներին սոցիալական ցանցերում տարբեր դավադիր գործընթացների մեջ ներգրավելուն ուղղված գործողությունների կազմակերպմանն ու իրագործմանը:
Հատկանշական է, որ այդ մեթոդներն ու հնարքները պարբերաբար փոփոխվում, կատարելագործվում են: Սկզբում հայկական համացանցային տիրույթից պատճենվել են Ստեփանակերտի ու Արցախի Հանրապետության հանրաճանաչ այլ վայրերից տեսարաններ և ադրբեջաներեն տեքստերի ուղեկցությամբ վերահրապարակվել՝ այդ կերպ արցախցիների մոտ փորձելով ձևավորել անպաշտպանության զգացողություն և ադրբեջանցիների կողմից Արցախի Հանրապետության տարածք ազատորեն ներթափանցելու տպավորություն: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից այդ տեսանյութերի կեղծ ու բեմականացված լինելը բացահայտելուց հետո կատարվել է հանրային գիտակցության վրա ներազդելու մեթոդի փոփոխություն և նորացում:
Ամենատարբեր միջոցներով շահագրգռելու և տարբեր պատճառաբանություններով համոզելու եղանակով սոցիալական ցանցերի արցախցի օգտատերերից ձեռք են բերվել Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակի, «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի և այլ վայրերի լուսանկարներ կամ նույն վայրերում կատարված տեսանկարահանման արդյունքներ և կրկին ադրբեջաներեն խոսակցության ուղեկցմամբ հրապարակվել: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից այդօրինակ դեպքերը բացահայտելուց և դրանց ծագման աղբյուրները մերկացնելուց հետո ադրբեջանական հատուկ ծառայությունները կրկին վերափոխել են գործողությունների բնույթը: Այս անգամ որպես թիրախ սկսել են ընտրվել ոչ միայն քաղաքացիական անձինք, այլև զինծառայողները, որոնց հետ Ֆեյսբուք, Վկոնտակտե, Թելեգրամ և սոցիալական այլ ցանցերում բացված կեղծ ու գայթակղիչ էջերով տևական ժամանակ շփվելուց և կապ ձևավորելուց հետո ձեռք են բերվել անձնական տվյալներ՝ անձնագրի, զինվորական գրքույկի լուսանկարներ, վարել ինտիմ բնույթի ու անպարկեշտ արտահայտություններ պարունակող գրագրություն, ստացել մարմնի տարբեր մասերի լուսանկարներ, որից հետո դրանք հրապարակելու սպառնալիքի գործադրմամբ մեր քաղաքացուն դարձրել սեփական պահանջները բավարարելու գործիք:
Անձնական տվյալների և պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող տեղեկությունների հրապարակման վտանգի ռիսկով շղթայված անձանցից հետագայում փորձ է արվել ստանալ Արցախի Հանրապետության տարբեր վայրերի լուսանկարներ, զորամասերի տեղակայման վայրերի, սպառազինության մեջ մտնող զենքի ու զինամթերքի տեսակի և քանակի վերաբերյալ տեղեկություններ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը