05 01 2022

Ոչ ոք իրավունք չունի անել մեր իրավունքներն ու անվտանգությունը վտանգող արարքներ և վերջ. Արման Թաթոյան

Ոչ ոք իրավունք չունի անել մեր իրավունքներն ու անվտանգությունը վտանգող արարքներ և վերջ. Արման Թաթոյան

Պետությունը պարտավորություն ունի պաշտպանելու մարդկանց, և պաշտոնյաներն իրավունք չունեն վնասել դա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ինձ համար արդեն անցած 2021թ. ընթացքում մեր երկրի բնակչության իրավունքների ու անվտանգության լուրջ սպառնալիքներից են եղել`

1. ՀՀ այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք հայտարարել են, թե մեր գյուղերի մոտ ու ճանապարհներին հայտնված ադրբեջանական զինված ծառայողները, նրանց հենակետերն ադրբեջանական տարածքում են և ՀՀ-ն ոչինչ անել չի կարող:

Նրանցից մեկն էլ անգամ ասել է, թե առանց դելիմիտացիայի ու դեմարկացիայի ճանապարհահատվածների պատկանելիության հարցը կարող ենք համարել լուծված:

2. Այդ պաշտոնյաները նման հայտարարություններով թույլ են տվել իրենց պաշտոնեական կարգավիճակի կոպիտ խախտում` վտանգելով մարդու կյանքի ու մյուս կենսական իրավունքները, վնաս հասցնելով անվտանգությանը:

Խոսքս նաև վերաբերում է բնակչությանը ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներից պաշտպանող մեր զինվորների, սահմանապահների, ոստիկանների պաշտպանությանը:

3. Այդ պաշտոնյաների հայտարարություններն օրինականացրել են ադրբեջանական հանցավոր արարքները Հայաստանի բնակչության նկատմամբ և երկարաժամկետ «մաքրելու» ենթակա խոչընդոտներ են ստեղծել մեր բնակչության իրավունքների պաշտպանության ու անվտանգության համար:

4. Այդ բարձրաստիճան պաշտոնյաները նման հայտարարություններ արել են [առնվազն] նրա համար, որ իրենց նկատմամբ ներքին քաղաքական դժգոհություններ չառաջանան կամ դրանք մեղմվեն:

Այսինքն` դասական օրինակներ են, թե ինչպես քաղաքական շահերից ելնելով` կարող է վնաս հասցվել երկրի անվտանգությանն ու մարդու իրավունքներին:

5. Այդ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հասկանան, որ ցանկացած նման հայտարարություն դիտարկվում է հենց նշածս տեսանկյունից ու այսուհետ նման հայտարարություններ չանեն:

Ոչ ոք իրավունք չունի անել մեր իրավունքներն ու անվտանգությունը վտանգող արարքներ և վերջ:

Հ.Գ. Մեր հայրենակիցների նկատմամբ վայրագություններ արել ու շարունակում են անել ադրբեջանական զինված ծառայողները, բայց պետությունը պարտավորություն ունի պաշտպանելու մարդկանց, և պաշտոնյաներն իրավունք չունեն վնասել դա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ