Արցախի հերոս, Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի նախկին հրամանատար Շահեն Մեղրյանն այսօր կդառնար 70 տարեկան։
Մեղրյանի մարտական ուղին սկսվել էր 1988 թվականին․ 1990 թ. անդամագրվել է ՀՅԴ կուսակցությանը: Նա առաջիններից էր, որ սկսել է կազմակերպել ինքնապաշտպանական զինված ջոկատներ։ Շահումյանի շրջանի ինքնապաշտպանության առաջին գործողությունը տեղի է ունեցել Մանաշիդ գյուղում՝ 1990 թվականի հունվարի 12-13-ին, երբ ադրբեջանցի զինյալները փորձել են գյուղի բնակիչներին տեղահանել. շրջանի կամավորականների նորաստեղծ խմբերը հետ են շպրտել նրանց գյուղի սահմաններից։
1991 թվականին «Կոլցո» օպերացիայից հետո ընկավ Գետաշեն-Մարտունաշենը, Շահումյանի դրությունը կտրուկ վատացավ։ Նույն տարվա հունիսին ադրբեջանցիները գրավեցին Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերը։ Մեղրյանն իր ջոկատների հետ կազմակերպեց հակահարձակողական օպերացիա, որի շնորհիվ սեպտեմբերի 14-19-ին ազատագրվեցին գյուղերը։ Այդ օպերացիան առաջիններից էր, երբ արցախյան ազատամարտիկները կարողացան իրենց ուժերով գրավված տարածքներն ազատագրել։
1991 թվականի նոյեմբերի 29-ին Շահենի գլխավորությամբ ճնշվեցին Թոդան ադրբեջանական գյուղի կրակակետերը։
1992 թվականի հունիսի 13-ի բռնի տեղահանումից հետո Շահեն Մեղրյանի նախաձեռնությամբ Հաթերք գյուղում 25 կամավորից բաղկացած խումբ ձեւավորվեց՝ «Եղնիկներ» պարտիզանական ջոկատը, որը թշնամու թիկունք է ներթափանցում․ այդպես է սկսվել պարտիզանական շարժումը ԼՂՀ հյուսիսային մասում։ Նրանց են միանում Շահումյանում գտնվող տարբեր ջոկատների («Արաբո», «Տիգրան Մեծ», Պռոշյանի ջոկատ, Հոկտեմբերյանի տղաներ) մարտիկներ, որոնցից 1993թ. ստեղծվեց զորամաս, որի հրամանատար նշանակվեց Շահեն Մեղրյանը։ Ջոկատի անմիջական օգնությամբ ազատագրվել են Մարտակերտի մի շարք գյուղեր՝ Հաթերքը, Ակնաբերդը, Մատաղիսը, Տոնաշենը, Դաստագիրը, Սարսանգի ջրամբարը։
Շահեն Մեղրյանը պատրաստվում էր ՀՀ գալուց հետո ազատագրել Շահումյանի շրջանը, բայց 1993թ. ապրիլի 17-ին՝ հերթական մարտական առաջադրանքը կատարելիս, Շահումյանից Երևան վերադառնալու ճանապարհին Արցախի երկնքում խփվեց Մեղրյանին ու նրա 7 մարտական ընկերոջը փոխադրող ուղղաթիռը։ Բոլորը զոհվեցին՝ Շահեն Մեղրյանը, 17-ամյա Հայկ Մեղրյանը, Արտակ Խաչատրյանը, Գրիգոր Գրիգորյանը, Պողոս Սիմոնյանը, Ռաֆիկ Բադալյանը, Արմեն Բազյանը և Ալեքսանդր Մեժունցը, ուղղաթիռի անձնակազմի հրամանատար Ջանբուլադ Մուրադյանը, 2-րդ օդաչու Արամ Գրիգորյանը և բորտմեխանիկ Իոսիֆ Միքայելյանը: Նրանք հանգչում են կողք կողքի անմահների զորագնդում՝ Եռաբլուրում:
2014 թվականի հոկտեմբերի 24-ին Շահեն Մեղրյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը