23 12 2021

Կառավարությունը հավանություն չտվեց ընդդիմադիր պատգամավորի օրենսդրական նախաձեռնությանը

Կառավարությունը  հավանություն չտվեց  ընդդիմադիր պատգամավորի  օրենսդրական նախաձեռնությանը

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 23-ի նիստում հավանություն չտվեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Աղվան Վարդանյանի օրենսդրական նախաձեռնությանը, ով առաջարկում էր լրացում կատարել «Գնումների մասին» օրենքում և նվազեցնել, կոռուպցիոն մեծ ռիսկեր պարունակող, մեկ անձից գնումների գործընթացի շրջանակները:

ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Կարծում ենք, որ նախաձեռնությունը խախտում է մասնավոր և հանրային շահերի հավասարակշռությունը, իսկ հանրային ֆինանսների կառավարման տեսանկյունից միանգամայն ընդունելի համարվող մեկ անձից գնումներ կատարելու կառուցակարգերի սահմանափակման նպատակադրումն անհրաժեշտ է իրացնել համակարգային և ինստիտուցիոնալ մակարդակում՝ զերծ մնալով հատվածական և չհիմնավորված լուծումներից։

Ուստի գտնում ենք, որ պետության այն լիազորությունների սահմանափակումը, որոնք կարող են կապված լինել պետության այնպիսի պոզիտիվ պարտականությունների իրականացման հետ, ինչպիսիք են, օրինակ՝ ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածով ամրագրված անձի կյանքի իրավունքի պաշտպանությունը, կամ հասարակության անվտանգության և առողջության ապահովումը, չեն կարող կամայական սահմանափակվել, օրինակ՝ գնումների համակարգում ստվերային, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակից ելնելով։

Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ