20 12 2021

Ի՞նչ է սպասվում վարորդներին՝ հունվարի 1-ից․ 168․ am

Ի՞նչ է սպասվում վարորդներին՝ հունվարի 1-ից․ 168․ am

168.am-ը գրում է․

«Շրջակա միջավայրի նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է տուգանել այն վարորդներին, ովքեր իրենց տրանսպորտային միջոցը կշահագործեն առանց կատալիտիկ չեզոքացուցիչների՝ կատալիզատորների։ Համապատասխան օրենքի նախագիծը տեղադրվել է e-draft-ում և քննարկման փուլն ավարտվել է 2021թ. դեկտեմբերի 10-ին:

Ըստ նախագծի հիմնավորման՝ կատալիզատորների արտադրության համար կիրառվում են թանկարժեք մետաղներ, ներառյալ՝ ոսկի, պլատին, պալադիում և ռոդիում և այս պատճառով մեքենաների սեփականատերերը կատալիզատորները վաճառում են։ Առանց այդ սարքավորման շահագործվող մեքենաներից արտանետումները սահմանված չափանիշներից բարձր են, և ինչպես նախարարությունն է նշել, մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումը ՀՀ-ում սկսել է կրել զանգվածային բնույթ։

Նախագծով առաջարկվում է 300.000 դրամի չափով տուգանել մեքենաների սեփականատեր-ֆիզիկական անձանց, եթե նրանց մեքենան ներմուծված է այս տարվա հունվարի 1-ից հետո և շահագործվում է առանց կատալիզատորների։ 500 հազար դրամի չափով էլ կտուգանվեն առանց չեզոքացուցիչների շահագործվող իրավաբանական անձանց մեքենաները։ Եթե խախտումը կրկնվի, ապա նախատեսվում է տուգանքի չափը կրկնապատկել։

Խոսքը 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված ավտոտրանսպորտային միջոցների մասին է:

«Մեկ կիլոգրամն ամենաքիչը 200.000-300.000 դրամ արժե: Կապ ունի, թե որ երկրի արտադրանք է: Պլատինը շատ է, ինչի հետևանքով էլ եվրոպական արտադրանքը թանկ է»,- մեզ հետ զրուցում ասաց վարորդներից մեկը:

Մեկ այլ վարորդ էլ նախագիծն անիմաստ համարեց՝ նշելով. «Ստացվում է՝ 1995 թվի Ford Transit մակնիշի մեքենան ու մյուսները մթնոլորտը կարող են աղտոտել, քանի որ վաղուց առանց կատալիզատորի են: Նման մեքենաների պատճառով հատկապես Երևանի օդը շատ է աղտոտված: Դրանց պատճառով են աճում սրտանոթային հիվանդությունները և այլն: Կատալիզատորի դեպքում մեքենան պետք է աշխատի բենզինով, ոչ թե գազով: Գազի այրման ջերմաստճանը 1800 է, բենզինինը՝ 1300, հետևաբար՝ գազի դեպքում չի դիմանում, այրվում է»:

«Վարորդների պաշտպանության լիգայի» փոխնախագահ Պողոս Օղլուկյանն էլ նկատեց. «25 տարի է՝ մեքենա էին բերում ԱՄՆ-ից, Վրաստանից, Ճապոնիայից, ոչ մեկը կատալիզատորի մասին չէր հիշում, իսկ հիմա բնությունը պահպանելու մասին շատ ուժեղ մտածում են: Որ բերում էին մեքենաները Վրաստան, նախքան Հայաստան բերելը վրացիներն արդեն լրիվ հանում էին: Վաճառում են 30.000-ից մինչև 500-600.000 դրամ՝ կախված նրանից, թե քանի կատալիզատոր է դրված, ինչ մեքենաներ են: Հիմա էլ պարզվում է՝ Չինաստանից անորակ կատալիզատորներ են բերել, նախագիծ են պատրաստում, որ ներկայացնեն կառավարություն: Հավատացեք, շուտով պարտադրելու են, որ բոլորը կատալիզատոր դնեն»»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ