ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է․ «Ֆրանսիայի ԱԳՆ-ում բարձրաստիճան քննարկումներին հիմնավորել եմ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու՝ ադրբեջանական զինված ծառայողների հեռացման հրատապությունը և հիմքերը
Դեկտեմբերի 7-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել իմ մի քանի ժամ տևած քննարկումները բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Կոնկրետ օրինակներով ու փաստերով մանրամասն ցույց եմ տվել, որ պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական զինված ծառայողները կատարում են Հայաստանի բնակչության իրավունքների կոպիտ խախտումներ՝ սկսած այն պահից, երբ հայտնվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին:
Հատուկ անդրադարձել եմ նոյեմբերի Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների արգելափակմանը:
Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները նշանառության ներքո են պահում ճանապարհը, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները:
Նշել եմ, որ խախտումների վերացման իրական լուծումը բոլորովին այլ է. դա ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է մեր գյուղերի հարևանությունից ու ճանապարհներից: Սրա հիմքում էլ ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն է, որը ոչ միայն չի նվազել, այլ խորացել է:
Ընդ որում, ասածս վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին:
Պետք է լինի ապառազմականացված [անվտանգության] գոտի:
Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիատացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար:
Զուգահեռ ներկայացրել եմ ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահաջներն ու միջազգային փորձը, որից բխում է այս առաջարկը:
Փոխանցել եմ նաև հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ զեկույցները՝ նշելով նրանց վերադարձի հրատապությունը և ադրբեջանական իշխանությունների անօրինական արարքները:
Քննարկվել են այլ հարցեր ևս»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը