25 11 2021

Թվում է լրիվ փակուղում ենք և լուծումներ չկան, բայց անկարելի ոչինչ չկա․ Աշոտ Մելքոնյան



 «Թվում է լրիվ փակուղում ենք և լուծումներ չկան, բայց անկարելի ոչինչ չկա ։ Եթե կյանքի կոչվեն սահմանազատման ու սահմանագծման խնդիրները, եթե հայկական կողմը կամք դրսևորեց, տասնամյանկների խնդիր է սա, որովհետև դելիմիտացիա նշանակում է փաստաթղթային հիմք, դեմարկացիա  նշանակում է՝ փայտիկներից խրելով գնալ ու որոշել ամեն ինչ»,-այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝  խորհրդարանական քննարկման ժամանակ։

«Առաջին անգամ մի տարբերակ եմ բացահայտելու, որը հանրային մակարդակով, պետական մակարդակով պետք է մտցնենք օրակարգ ՝ ապաշրջափակման խնդիրը լուծելու հաար։ Ապաշրջափակումը նոյեմբերի 9-ի փաստաթղթով նշանակում է՝ թուրքաական կողմի համար ձեռնտու տարբերակ»,-նշեց Աշոտ Մելքոնյանը։ նրա խոսքով ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաները Ադրբեջանին հնարավորություն է տալիս խոսելու երկու ճանապարհի մասին։

«Մեկը՝ 41 կմ-անոց Մեղրիի մասին է, մյուսը՝ եկել թառել են Սև լճի հատվածում և Անգեղակոթով ուզում են դուրս գալ դեպի Նախիջևան»,- ասաց Մելքոնյանը՝ հավելելով, որ պետք է օրակարգ մտցնել 1921 թվականի պայմանագիրը։

Հայկական Նոյակերտ Գյուղի դիմաց մինչև Իրանի սահման երեք կմ է։ Արարատից՝ Քուղ կոչվող բնակավայրից դեպի Իրան ճանապարհը 2,5 կմ է, իսկ ամենանեղ հատվածում 1 կմ 800 մետր է՝ Արմաշի լճերի մոտ։ Իսկ եթե ճանապարհները պետք է ապաշրջափակվեն, հայկական կողմը կարող է առաջարկել Թուրքիայից էստակադայով կամ կամրջով հասնել Իրան։

«Առայժմ Արաքսի վրայով կամուրջ կառուցելով պետք է դուրս գալ Իրանի տարածք՝ մաքսային վճարումներ կատարելուց հետո, որը կնշանակի 15 րոպեում հայտնվել Իրանի տարածք Արարատյան դաշտից։ Հյուսիս-Հարավ ճանապարհը կարող է մեծապես տուժել, բայց սա մեզ համար կյանքի ճանապարհ է լինելու»։

Մելքոնյանը նշեց, որ եթե Թուրքիան դա մերժի, այդ ժամանակ հստակ պետք է հակադարձել, քանի որ առաջարկել է 3+3 ձևաչափը, իսկ Իրանը համաձայնելու է այս առաջարկին։

«Եթե Թուրքիան չհամաձայնի, Ադրեջանի հետ խնդիր ունենք, պահանջում ենք 8 կմ ճանապարհ՝ մտնել իր տարածք, գուցե ռուսների մասնակցությամբ, հետո նոր մտնել Իրանի տարածք։ Ադրբեջանը մեզնից ուզում է 80 կմ ճանապարհ, կուզեք միջանցք, բայց դա հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ է, որովհետև հսկվելու է ռուսների կողմից։ Եթե մեզ Սուրմալուի գավառով երեք կմ-ով ելուստ տրամադրեն, որը կարող է լինել թունել և դուրս գա Իրանի տարածք, եթե չէ՝ մտնում ենք Սադարակի տարածք, այնտեղով մտնում Իրանի տարածք։ Փաստորեն՝ 80 կմ-անոց ճանապարհի դիմաց ուզում ենք 8 կմ, եթե դրան չգնան, ինչպես բարևը՝ այնպես էլ պատասխանը»,- ասաց Մելքոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ