25 11 2021

Գերբեռնվածություն, ժամկետանց բուժպարագաներ, դեղերի պակաս Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում

Գերբեռնվածություն, ժամկետանց բուժպարագաներ, դեղերի պակաս Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման և փորձագետների կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ մշտադիտարկման այցի ընթացքում վեր են հանվել բազմաթիվ խնդիրներ, որոնց վերաբերյալ կազմվել է մանրակրկիտ վերլուծություն:

Մասնավորապես, արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները.

·   Տուն-ինտերնատը գերբեռնված է, պահպանված չէ խնամարկյալների անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը. սենյակներում իրար կիպ տեղադրված մահճակալներ են՝ խնամարկյալների մասնավոր կյանքի իրավունքի խախտմամբ,

·  հայտնաբերվել են ժամկետանց բժշկական պարագաներ և լաբորատոր հետազոտությունների համար նախատեսված ժամկետանց նյութեր,

· առկա է դեղորայքի,

այդ թվում՝ հոգեմետ դեղերի տեսակի և քանակի պակաս,

·   դեղորայքը պահվել է անթույլատրելի պայմաններում,

·   հոգեբույժների թիվը խիստ պակաս է (450 խնամարկյալին սպասարկում է մեկ հոգեբույժ): Սա բացարձակ անթույլատրելի է,

·  անթույլատրելի սկզբունքով են վարվում բժշկական փաստաթղթերը,

·  արձանագրվել են զսպման միջոցների կիրառման կարգի խախտումներ. մատյանները պատշաճ չեն վարվում, խնամարկյալների կամ զսպում իրականացնող անձի ստացած վնասվածքները, ինչպես նաև զսպման միջոցի արդյունավետության մասին տեղեկությունները պատշաճ չեն արձանագրվում, ֆիզիկական զսպման միջոցները տրավմատիկ են և ոչ արդյունավետ, ֆիզիկական զսպումը հաճախ իրականացվում է սենյակներում՝ մյուս խնամարկյալների ներկայությամբ և այլն,

·  բաժանմունքներն ունեն վերանորոգման կարիք, սենյակների պայմաններն անբավարար են (ներքնակներն անհամապատասխան են մահճակալներին, կողապահարանների պակաս կամ բացակայություն և այլն),

·   արձանագրվել են հագուստի անհատականացմանն առնչվող խնդիրներ. հոգեկան առողջության խնդիրներ ունեցող այն անձանց հագուստը, ովքեր չեն կարող այն անհատականացնել, լվացվելուց հետո բաժանվում է պատահականության սկզբունքով,

·   Տուն-ինտերնատի որոշ բաժանմունքների սանհանգույցներ ունեն վերանորոգման լուրջ կարիք,

·  Տուն-ինտերնատի բաժանմունքներում արձանագրվել են լոգարանների ոչ բավարար պայմաններ (ցնցուղների բացակայություն), առկա է դրանք վերանորոգելու հրատապ անհրաժեշտություն,

·   Տուն-ինտերնատում բացակայում են հարմարեցումները, ներառյալ՝ բաժանմունքների մուտքերն ապահովված չեն թեքահարթակներով, ինչի արդյունքում տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունեցող խնամարկյալներն ունեն սանհանգույցից և զբոսանքից օգտվելու բարդություններ

·   բաժանմունքների ճաշասրահներում լրացուցիչ գույքի անհրաժեշտություն կա (խնամարկյալը ճաշից օգտվել է ափսեն ձեռքում պահած՝ սեղանին հասանելիություն չունենալու պատճառով),

·   բաժանմունքների ճաշասրահներում առկա է վերանորոգման անհրաժեշտություն,

·   արձանագրվել են իրազեկված համաձայնության հետ կապված խնդիրներ. խնամարկյալները իրազեկված համաձայնություն չեն ներկայացնում և պատշաճ չեն տեղեկացվում իրենց իրավունքների վերաբերյալ,

·   խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում, խնամակալների՝ ի շահ խնամարկյալների գործելու նկատմամբ պատշաճ հսկողություն չի իրականացվում,

·   առկա է խնամարկյալներին զբաղվածությամբ ապահովելու անհրաժեշտություն, չնայած Տուն-ինտերնատում զբաղվածության կենտրոնի առկայությանը, բաժանմունքներում խնամարկյալների զբաղմունքի հիմնական տեսակը հանգստյան սենյակում տեղադրված հեռուստացույցն է. որոշ բաժանմունքներում տևական ժամանակ այն եղել է անսարք,

 

·   անհատական բջջային հեռախոս չունեցող խնամարկյալները տաքսաֆոնների բացակայության պարագայում չեն կարողանում զանգահարել մերձավորներին կամ կոնֆիդենցիալ կապ հաստատել համապատասխան մարմինների հետ,

·   խնամարկյալների համար առկա չեն ունեցել նամակներ, դիմումներ և բողոքներ գրելու համար անհրաժեշտ գրենական պարագաներ (թուղթ, մատիտ, գրիչ և այլն),

·   դեպի Տուն-ինտերնատ չկա հասանելի հասարակական տրանսպորտ, երբ այնտեղ պահվում է մոտ 450 խնամարկյալ,

·   առկա է Տուն-ինտերնատի բժշկական և ոչ բժշկական անձնակազմի վերապատրաստման անհրաժեշտություն,

·   հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների աշխատանքային պայմաններն անթույլատրելի վիճակում են և այլն:

Նախորդ այցի համեմատ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկների հիման վրա Տուն-ինտերնատում արձանագրվել են դրական փոփոխություններ, որոնք հիմնականում հանգում են հետևյալին.

·   Տուն-ինտերնատի բաժանմունքներում մետաղական մահճակալները փոխարինվել են նորերով,

·   որոշակիորեն բարելավվել է սննդի որակը,

·   Տուն-ինտերնատում պահվող կին խնամարկյալների նկատմամբ իրականացվել են արգանդի պարանոցի ուռուցքային հիվանդությունները հայտնաբերելու կապակցությամբ Պապ թեստի սկրինինգային հետազոտություններ,

·   ողջունելի է Տուն-ինտերնատում իրականացվող նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի դեմ կանխարգելիչ պատվաստումները:

Մարդու իրավունքների պաշտպանությունը համակողմանի գործընթաց է, որը ենթադրում է այդ գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքների երաշխավորում, նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ապահովում և փոխադարձ հարգանք երաշխավորող հարաբերությունների հաստատում: Այս սկզբունքային մոտեցման բաղադրիչներից է այն մարմինների աշխատակիցների, իրավունքների վիճակը, որոնք իրենց գործունեությամբ կոչված են իրականացնել այլ մարդկանց իրավունքների պաշտպանությունը:

Հոգեբուժական կազմակերպությունների աշխատակիցների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձը պետք է շարունակաբար բարելավվեն:

Այցի արդյունքներն արտացոլող հիմնարար փաստաթուղթն արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանն ուղարկել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ պատրաստակամություն հայտնելով քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը:

Այս հրապարակումը լուսանկարներով արվում է՝ հաշվի առնելով, որ համակարգային խնդիրները տարիներով շարունակում են մնալ չլուծված, որի գլխավոր պատճառը տարիների պետական ոչ ճիշտ ու անուշադիր քաղաքականությունն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ