24 11 2021

Ներկայացվել է անվտանգության գոտու անհրաժեշտությունը՝ որպես մարդու իրավունքների երաշխիք․ ՄԻՊ

Ներկայացվել է անվտանգության գոտու անհրաժեշտությունը՝ որպես մարդու իրավունքների երաշխիք․ ՄԻՊ

Արման Թաթոյանը ԱՄՆ-ում տարբեր հանդիպումների ժամանակ ներկայացրել է Ադրբեջանի անօրինական ներխուժումների ու արարքների առաջացրած մարդու իրավունքների խախտումները Հայաստանում

ԱՄՆ-ում հանդիպումների ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փաստերով ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի անօրինական ներխուժումներն ու Հայաստանի բնակչության իրավունքների խախտումները:

Հիմնավորված ներկայացվել է անվտանգության գոտու անհրաժեշտությունը՝ որպես մարդու իրավունքների երաշխիք։

Ներկայացվել են նաև փաստեր Արցախում մեր հայրենակիցների իրավունքների խախտումների փաստերը, որոնք նաև հիմնված են Արցախի իմ գործընկերոջ զեկույցների վրա:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (The Armenian National Committee of America-Western Region (ANCA-WR) հրավերով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Սփյուռքի ամենատարբեր խմբերի ներկայացուցիչների, հոգևոր առաջնորդների, ինչպես նաև ԱՄՆ ղեկավար պաշտոնյաների հետ:

Մասնավորապես, հանդիպումներ են տեղի ունեցել՝ Կալիֆոռնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսի հետ, Սան Ֆրանցիսկոյի ղեկավար մարմնի՝ վերահսկողների խորհրդի անդամների և քաղաքապետարանի հետ, Լոս Անջելեսի քաղաքապետարանի վերահսկող մարմնի հետ,

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանի հետ, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Թորգոմ եպիսկոպոս Տոնոյանի հետ և տարբեր այլ հանդիպումներ:

Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպումների ժամանակ ներկայացրել է նոյեմբերի 16-ի ադրբեջանական ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք Սյունիքում, որն ուղեկցվել է քաղաքացիական բնակավայրերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական ուժերի հարձակումներով՝ իրական վտանգի ենթարկելով խաղաղ բնակիչների կյանքի իրավունքն ու առողջությունը: Պաշտպանը ներկայացրել է նաև ադրբեջանական ներխուժումներն ու մարդու իրավունքների խախտումները Գեղարքունիքում, Սյունիքում:

Արման Թաթոյանը շեշտել է, որ ադրբեջանական զինված ծառայողներն անօրինական տեղակայված են ՀՀ քաղաքների և գյուղերի միջև ճանապարհներին, որոնք վտանգում են մարդկանց կյանքն ու առողջությունը, խաթարել են մարդկանց բնականոն կյանքը։

Հայաստանի օմբուդսմանն անդրադարձել է նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի գերիների (այդ թվում՝ նոյեմբերի 16-ին գերեվարվածները) անհապաղ վերադարձին և արհեստական, իրավական հիմքերից զուրկ դատավարություններին՝ կարևորելով միջազգային ատյանների արձագանքը:

Արման Թաթոյանն ընդգծել է, որ ադրբեջանական իշխանությունների կողմից հովանավորվող հայատյացությունն ամբողջ աշխարհում ապրող երկու ժողովուրդներին թշնամանքի մեջ պահելու նպատակային քաղաքականություն է, այն վտանգում է նաև այդ երկրների կայունությունն ու մարդու իրավունքների համակարգը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ