16 11 2021

Ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ-ի նկատմամբ ռազմական ագրեսիայի իրականացնելու դեպքով քրգործ է հարուցվել

Ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ-ի նկատմամբ ռազմական ագրեսիայի իրականացնելու դեպքով քրգործ է հարուցվել

Ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ-ի նկատմամբ ռազմական ագրեսիայի ակտ իրականացնելու և միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտումների առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

«2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի XXIX նստաշրջանի թիվ 3314 բանաձևի «ա», «բ» և «գ» կետերի, 1998թ․հունիսի 17-ին ընդունված Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի 8-bis հոդվածի պահանջները, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու և պայթյունի եղանակով գույքի ոչնչացման դիտավորությամբ, զինված ուժերի օգտագործմամբ, կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ոտնձգել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ՝ սանձազերծելով ագրեսիվ պատերազմ և իրականացնելով ագրեսիայի ակտ:

Ադրբեջանի զինված ուժերը, վարելով ագրեսիվ պատերազմ, նպատակադրվել են ձեռք բերել ռազմական գերակայություն՝ կոպտորեն խախտելով «Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիաներին կից Ժնևի 1977 թվականի 1-ին Լրացուցիչ արձանագրության 48-րդ, 51-րդ (2), 52-րդ (2) հոդվածների, 51-րդ (4) հոդվածի 3-րդ կետի և 85-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթները, միջազգային սովորույթային մարդասիրական իրավունքի 1-ին, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 54-րդ նորմերը։

Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, թույլ տալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ, զինված ուժերի օգտագործմամբ, հրետանային միջոցների, զրահատեխնիկաների և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ են դարձրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի՝ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի  մարտական հենակետերը։ Դրանց ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, ինչպես նաև խոշտանգվելով գերևարվել ՀՀ զինված ուժերի մի շարք զինծառայողներ: 

Նկատի ունենալով, որ առկա է սպանության, սպանության փորձի, առանձնապես խոշոր չափերով գույքը ոչնչացնելու կամ վնասելու,  ագրեսիվ պատերազմ սանձազերծելու կամ վարելու, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու հանցագործությունների հատկանիշներ՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում դեպքի առիթվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 391-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչությանը»,- ասված է հաղորդագրությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ