09 11 2021

Կառավարությունը գերիների թի՞վն էլ է պլյուս-մինուսով որոշում

Կառավարությունը գերիների թի՞վն էլ է պլյուս-մինուսով որոշում

Մինչ օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանն են հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 114 զինծառայողներ և քաղաքացիական անձինք: Այս մասին «Հայաստան» խմբակցության հարցմանն ի պատասխան հայտնել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Հետաքրքրական է, որ այս հայտարարությունից ժամեր անց ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որի մեջ նշվում էր նաև գերիների մասին: Ըստ այդմ՝ այստեղ նշվում է, որ 2020 թվականի դեկտեմբերի 2-ից ռուս խաղաղապահների մասնակցությամբ ընդհանուր առմամբ վերադարձվել է 122 գերի. Հայաստանին է վերադարձվել 105 գերի, Ադրբեջանին՝ 17:

Ստացվում է, որ ՀՀ սոցապ նախարարության և ՌԴ ԱԳՆ տրված թվերի միջև անհամապատասխանություն կա, սոցապ նախարարության տրված տվյալը 9-ով ավելի է:

Ի դեպ, եկեք հիշենք, որ Արցախի բռնազավթած տարածքների ականապատ քարտեզների դիմաց Ադրբեջանի կողմից 15 գերիների փոխանակումը, որն իրականացվել էր ամերիկյան կողմի միջնորդությամբ։ Բայց նույնիսկ այս դեպքում, ռուս խաղաղապահների և ամերիկյան կողմի ջանքերով վերադարձված ընդհանուր գերիների թիվը պետք է լիներ 120, այնինչ հայկական կողմը նշում է 114 թիվը:

Հուսանք կտրվի պատասխան, թե որն է այս հակասության պատճառը և ինչով է պայմանավորված տարբեր կողմերից տրվող թվերի անհամապատասխանությունը, որովհետև ի վերջո խոսքը գնում է հայ զինծառայողների, մարդկային կյանքերի և ճակատագրերի մասին, և Փաշինյանի՝ զոհերի թվին վերաբերող «պլյու-մինուս» մոտեցումը չի կարող գործել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ