30 10 2021

«Վերջապես հասա տուն». Համբիկ Սասունյանն ազատ է արձակվել

«Վերջապես հասա տուն». Համբիկ Սասունյանն ազատ է արձակվել

«Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ Համբիկ Սասունյանն ազատ է արձակվել։

Դաշնակցությունը Սասունյանից հաղորդագրություն է հրապարակել, որտեղ նա հայտարարել է՝ արդեն ժամանել է Հայաստան։

«Մոտավորապես 40 տարի անց պատիվ ունեմ լինել հայրենի հողում, խմել հայրենիքի ջուրը, շնչել օդը», - ասել է Սասունյանը։

Նա նշել է, որ ազատազրկման ողջ ընթացքում զգացել է հայրենակիցների աջակցությունը, ինչն օգնել է իրեն դժվար պահերին։

«Վերջապես հասա տուն», - հայտարարել է Սասունյանը։

Ի դեպ  «Ասպարեզը» գրում է, որ   Համբիկ Սասունյանը (ծնվել է 1963թ. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում), եղել է «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ։ 1982թ. հունվարի 28-ի առավոտյան 19-ամյա Համբիկը Լոս Անջելեսում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արըքանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած է եղել կարմիր լույսի տակ։

Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտում է ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրավունքի։ Դատարանը ցմահ ազատազրկման պատժամիջոցն է ընտրել՝ հանգելով այն եզրակացության, որ սպանության դրդապատճառն ազգային ատելությունն է, թեպետ ամբաստանյալը դատարանում հայտարարել է, որ վրեժ է լուծել Հայոց ցեղասպանության համար:

Երկու անգամ՝ 2006 և 2010 թվականներին ամերիկյան դատարանը մերժել էր Սասունյանի ներում ստանալու խնդրանքը: Վաղաժամ ազատման մասին Սասունյանի պաշտպանների հայցերը մերժվել էին։

2019 թ. դեկտեմբերի 27-ին Կալիֆորնիայի դատարանը 37 տարի ազատազրկումից հետո բավարարել է Համբիկ Սասունյանի հայցը վաղաժամ ազատ արձակման մասին։
 

 

 


 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ