Այսօր կառավարության շենքի դիմաց էին հավաքվել Արցախից տեղահանված բնակիչները։ 44-օրյա պատերազմի հետևանքով տուն ու տեղ կորցրած, և հարկադրաբար իրենց բնակատեղիները լքած ընտանիքներն այսօր չունեն ո՛չ մշտական բնակության վայր, ոչ էլ՝ կարգավիճակ։
«Խոսք են տվել, որ լինելու են 25-50 հազարական դրամները։ Երկու-երեք օրը մեկ սոցապ փոխնախարարների մակարդակով լրատվամիջոցներով ասում են որոշումը կա, բայց չգիտեմ ինչո՞ւ՝ ծրագիրը չկա, մենք էլ երեք ամիս է չենք կարողանում բնակարանների վարձը տանք։ Մի մասին արդեն, հյուրանոցներից, հյուրատներից ստիպողաբար հանում են , մենք մեկ տարի առաջ ինչպես եղել ենք տուն ու տեղ կորցրած, նույն կարգավիճակում ենք , մեր կյանքում ոչինչ չի փոխվել և չգիտենք ինչու են անմարդկային վերաբերմունք ցուցաբերում մեր հանդեպ»,-նշեց Հադրութից տեղահանված Արթուր Ստեփանյանը։
Հադրութցիներին մտահոգում է նաև իրենց կրագավիճակը։ Ըստ մեր զրուցակցի, երկու ամսից ավելի է՝ նամակով դիմել են վարչապետին, բարձրաձայնել են իրենց խնդիրների մասին, սակայն մինչև օրս պատասխան չեն տրամադրել։
Ի դեպ, տեղահանված արցախցիները կառավարության մոտից քայլերթով կուղևորվեն ՀՀ-ում ՄԱԿ գրասենյակ՝ հայտարարելու, որ ՀՀ-ում կան փախստականներ, ապա շարժվելու են Ֆրանսիայի դեսպանատուն՝ հանձնելու նամակ, որում հումանիտար ապաստան են խնդրելու Ֆրանսիայի նախագահից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը