16 05 2023

Ադրբեջանցիները հիմնահատակ քանդել են Հադրութի Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի շենքը. monumentwatch.org

Ադրբեջանցիները հիմնահատակ քանդել են Հադրութի Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի շենքը. monumentwatch.org

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«2023 թվականի մայիսի 5-ին Azertac News Agency ֆեյսբուքյան հարթակում տարածվեց տեսանյութ, համաձայն որի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և կինը՝ Մեհրիբան Ալիևան այցելել են Հադրութ, մասնակցել Հադրութում «Ադմինիստրատիվ կենտրոն»-ի հիմնարկեքին։ Տեսանյութում ակնհայտ է, որ հիմնահատակ քանդվել է Հադրութի Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը և հարակից բնակելի շենքերը (նկ․ 1-3)։

Հադրութի կենտրոնական գրադարանը հիմնադրվել էր 1932 թվականին։ Համաձայն Արցախի Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության տրամադրած տվյալների՝ գրադարանն ուներ 36923 միավոր գիրք։ Մինչև Արցախյան 44-օրյա պատերազմը Հադրութի Ավ․ Իսահակյանի անվան գրադարանը կարևոր դեր է ունեցել համայնքի մշակութային կյանքում, հանդիսացել է մշակութային զանազան միջոցառումների և հանդիսությունների կենտրոն։ Այստեղ կազմակերպվել են «Գարնանային ընթերցումներ», «Արցախյան բանահյուսության ընթերցումներ» ամենամյա կրթական միջոցառումները, որոնց մասնակցում էին շրջանի դպրոցների աշակերտները և երիտասարդները։

Մեր արձագանքը

Հադրութի Ավ․ Իսահակյանի կենտրոնական գրադարանի ավերումը ադրբեջանական վանդալիզմի հերթական դրսևորումն է, որը  Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային կոնվենցիաների և հռչակագրերի մի շարք դրույթների կոպիտ խախտում և ոտնահարում է։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ