Պետական եկամուտների կոմիտեն, ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբի հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2021թ․ օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում բացահայտել է գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման մի շարք դեպքեր:
ՊԵԿ-ից հայտնում են, որ ռիսկերի խորհրդի կողմից ընտրված ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 21 տնտեսվարող սուբյեկտի մոտ արձանագրվել են գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման դեպքեր:
Դեպքերի վերաբերյալ կազմված արձանագրությունների հիման վրա ՊԵԿ իրավաբանական վարչությունում հարուցված վարչական վարույթների շրջանակում կայացվել է 14 որոշում՝ ընդհանուր շուրջ 7,4 մլն դրամ հարկային պարտավորություններ առաջադրելու վերաբերյալ:
Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ և օպերատիվ իրականացման ապահովումը կառավարվում է Ռիսկերի խորհրդի կողմից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը