Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները Երևանի «Էրեբունի» օդանավակայանից ավտոմեքենաներով Ստեփանակերտ են տեղափոխել 10 տոննա հումանիտար օգնությունը՝ նախատեսված Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
«10 տոննա հումանիտար բեռը բերվել է Երևանից: Կոշիկ, հագուստ, դպրոցական պարագաներ, կենցաղային քիմիական նյութեր, գազօջախներ. այս ամենը փոխանցվելու է բազմազավակ ընտանիքներին և տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղում»,- հայտնել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:
Նշենք, որ հումանիտար օգնությունը նախօրեին Ռուսաստանից ժամանել է Երևան: Բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչները ևս ուղեկցել են խաղաղապահների շարասյունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը