14 10 2021

Ոչ փորձառու մարդկանց կողմից գրված ծրագիրը կարող է ծանր հետևանքներ ունենալ․ փորձագետը՝ Փաշինյանի առաջարկի մասին

Ոչ փորձառու մարդկանց կողմից գրված ծրագիրը կարող է ծանր հետևանքներ ունենալ․ փորձագետը՝ Փաշինյանի առաջարկի մասին

Նախ պետք է պարզել, թե որ մասնագետների հետ է քննարկվել տնամերձերի համար քաղաքացիներին սերտիֆիկացված տնկիներ տալու գաղափարը, որովհետև առ այսօր ինչ ծրագրեր իրականացվել է, ոչ մեկի հետ կապված ոչ ոք հաշվետվություն չի ներկայացվել ոչ մի տեղ՝ կատարված ծրագրերի, ծախսված գումարների, արդյունավետության բարձրացման և այլնի հետ կապված։ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։

Նշենք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասաց՝ գաղափար են հղացել, որ պետական ծրագիր իրականացնեն հետևյալ տրամաբանությամբ՝ այն քաղաքացիները, որոնք կհամաձայնեն իրենց այգիներից հանել չսերտիֆիկացված ծառերը, այսինքն իրենց հողատարածքը մաքրել այդպիսի տնկիներից, կռավարությունը փոխարենը կտա սերտիֆիկացված տնկի։

«Կարևոր է իմանալ, թե քննարկման արդյունքում ովքեր են տվել դրական եզրակացություն։ Որպես կանոն՝ տնամերձերը փոքր տարածքներ են, որտեղ մարդիկ փորձել են լավագույն սորտերը տեղավորել և հիշողություններ կան տնկիների հետ կապված ու արդեն կատարյալ ծառեր են դարձել։ Հետաքրքիր սորտեր կան, որոնք Հայաստանում շատ լավ դրսևորել են իրենց, կան, որ անհետացման եզրին են, ու իրենց սելեկցիոն նպատակով տնամերձերում պահպանում են»։

Մեր զրուցակիցը նաև հավելում է․ «Մեր գրեթե բոլոր բնակավայրերի տնամերձերում՝ ելնելով բնակլիմայական պայմաններից, թե որ պտղատուն է իրեն լավ զգում այդ տարածաշրջանում, մարդիկ գտել են լավագույն սորտերը և տնամերձերում հիմնել են այգիներ։ Պետք է փաստել, որ ամեն դեպքում, անկախ այն բանից, թե տնկին լավն է, թե վատը, եթե պրոֆեսիոնալ մոտեցում, խնամք չեղավ, 1-2 տարում աշխարհի ամենալավ սորտն էլ կարող է վատ աճ տալ»։

Աշոտ Հարությունյանի համոզմամբ, եթե սա հերթական ծրագիրն է ոչ մասնագետների կողմից գրված, հետևանքները ծանր են լինելու․ «Ինչ է, արդեն մեծ  տարածքներում այգիները հիմնեցին, պրծա՞ն, կաթիլայինը քաշեցին վերջացրեցի՞ն, անցան տնամերձերին։ Ես այստեղ նկատում եմ, որ ինչ-որ մի ծրագրով իրականացվում է տնկիների սերտիֆիկացում, որի վերջնական արդյունքում պետք է այդ տնկիներն իրացվեն։ Այսինքն չկա տնկիների այն մեծ քանակը, որ մեծ այգիներ հիմնվեն, որոշել  են տնամերձերին անցնել»։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ