Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է 1998 թվականին Բարոնուհի Քերոլայն Քոքսի աջակցությամբ, նպատակն էր աջակցություն ցուցաբերել արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինվորներին և քաղաքացիական անձանց։
Տարիների ընթացքում այն ընդլայնվելով սկսեց մատուցել իր վերականգնողական ծառայությունը Արցախում ֆիզիկական և մտավոր հաշմանդամություն ունեցող բոլոր այն անձանց , ով դրա կարիքը ուներ։ Կենտրոնը լինելով միակը իր ծառայության մեջ չունի տարիքային սահմանափակում։ Կենտրոնում գործում է մանկական առողջության բաժանմունք, ինչպես նաև աուտիզմ ախտորոշում ունեցող երեխաների համար ցերեկային խնամքի և բուժման կենտրոն։ Կենտրոնը ունի տնային այցելության բաժանմունք, որի շահառուներն են 200-ից ավելի ծանր ախտորոշումով հաշմանդամություն ունեցող անձիք։
Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը ի թիվս այլ կարիքների ունի մասնագիտական սարքավորումների, ծրագրի աջակցման կարիք: Առաջնային խնդիրներից է կենտրոնի շենքի վերակառուցումն ու վերանորոգումը:
Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի հետ իր պարբերաբար աշխատանքի ընթացքում ԱՀ Նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանը կենտրոնի առկա կարիքները ներկայացրել է բազում կառույցների և սփյուռքահայ անհատների:
Ազատուհի Սիմոնյանի առաջարկով «Հայաստան» դաշինքը՝ ծանոթանալով կենտրոնի խնդիրներին որոշել է դաշինքի պատգամավորների Ազգային Ժողովից ստացված պարգևավճարները փոխանցել կենտրոնի հաշվեհամարին: Ի պատիվ «Հայաստան» դաշինքի, պատգամավորների պարգևավճարները ամբողջությամբ ընդհանուր 10․740․000 ՀՀ դրամ փոխանցվել է վերականգնողական կենտրոնի հաշվեհամարին, որը ծառայելու է կենտրոնի համար նոր մասնագիտական գույքի և անհրաժեշտ բժշկական պարագաների ձեռք բերման նպատակին:
Կենտրոնը իր շնորհակալություն է հայտնում «Հայաստան» դաշինքի պատգամավորներին մարդասիրական այս օգնությունը տրամադրելու համար։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն էր տաարածել՝ նշելով, որ ՀՀ Անկախության 30-ամյակի կապակցությամբ տրամադրված պարգեւավճարների գումարն ամբողջությամբ՝ 10 740 000 դրամ, «Հայաստան» խմբակցությունը փոխանցել է Արցախում զինվորների համար գործող՝ Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը