04 10 2021

Մեկ տարի առաջ հոկտեմբերի 4-ին էր Շուշիի մշակույթի տան ողբերգությունը…



2020 թվական։ Սեպտեմբերի 27։ Ադրբեջանաթուրքական զորքերն ու վարձկան ահաբեկիչները հարձակվեցին Արցախի վրա։ Վաղ առավոտից ռմբակոծվում ու հրետակոծվում էր Արցախի ողջ տարածքը՝ ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը։
Հայ ժողովրդի հերթական փորձությունն էր։ Հայ ազգը հերթական անգամ պետք է վերահաստատեր իր հայրենիքում ազատ, անկախ ու խաղաղ ապրելու իր իրավունքը։
Հայրենիքի պաշտպանությանը ելան բոլորը՝ քաղաքացին ու գյուղացին, բանվորն ու շինարարը, հոգևորականն ու ոստիկանը։ Բոլո՛րը։
Նրանք մեկնում էին Արցախ՝ կանգնելու հայ զինվորի ու սպայի կողքին, թույլ չտալու, որ ադրբեջանաթուրք խաժամուժը լցվի հայրենիք, նորից իրագործի իր ցեղասպան նկրտումները։
Սեպտեմբերի 27-ից գլխիվայր փոխվեց բոլորիս կյանքը։ Բոլոր ճանապարհները տանում էին ռազմաճկատ։ Եվ բոլոր տներում դժվար հրաժեշտ ու սպասման օրհնություն էր այդ ճամփաներով մեկնող որդիներին ու ամուսիններին, եղբայրներին ու հայրերին։
Սեպտեմբերի 27-ին տագնապով աշխատավայրեր ներկայացան նաև ոստիկանության ծառայողները։ Կազմավորվեցին առաջին ոստիկանական զորախմբերը, որոնք կանոնավոր բանակի և աշխարհազորի հետ մարտնչելու էին առաջնագծում։
Ոստիկանության առաջին ստորաբաժանումը սեպտեմբերի 28-ին արդեն Լոռու մարզի զորամասերից մեկում էր՝ նախնական պատրաստության։ Զորախմբի կազմում ոստիկանության Շիրակի, Լոռու և Տավուշի մարզային վարչությունների ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներն էին։
Վարժանքներն ավարտվեցին հոկտեմբերի 3-ին, և նույն օրը ոստիկանները մեկնեցին Արցախ։
Հոկտեմբերի 4-ին արդեն Արցախում էին։ Նույն օրը Շուշիի մշակույթի տանը՝ խորհրդակցության ժամանակ, թշնամու արձակած արկը պայթեց դահլիճի բեմի դիմաց։
Շատերը վիրավորվեցին, իսկ մեր 27 գործընկերները զոհվեցին։
Չհաջողվեց փրկել ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայող, ոստիկանության մայոր, լուսավոր մարդ Թաթուլ Օթարյանի, ոստիկանության մայոր, պրոֆեսիոնալ օպերլիազոր Վահե Ղազարյանի, ոստիկանության մայոր, փորձագետ, բարի ու համեստ Վազգեն Գրիգորյանի, նույն ստորաբաժանման երկարամյա ծառայող, ոստիկանության մայոր Արտուշ Զոհրաբյանի, ոստիկանության Իջևանի բաժնի պարեկապահակետային ծառայության ոստիկաններ՝ հավատարիմ ընկերներ Լենտուշ Գյոզալյանի ու Սերյոժա Վիրաբյանի, նրանց ավագ ընկեր Սուրեն Խաչատրյանի և ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայող, արձակուրդը կիսատ թողած ու ռազմաճակատ մեկնած ոստիկանության ավագ լեյտենանտ Կարեն Բադոյանի կյանքը։
Ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներից զոհվեցին ոստիկանության Տարոնի բաժնի աշխատակից, ոստիկանության կապիտան, ծառայության ընթացքում մարդու կյանք փրկած Իգոր Ոսկանյանը, ոստիկանության Բազումի բաժնից` ոստիկանության մայոր, բարի ու քչախոս Սարգիս Նավասարդյանը, բերախիղճ ու նվիրյալ ծառայող Մհեր Հարությունյանը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի լավագույն ծառայողներից՝ Միքայել Բաշոյանը, ոստիկանության Սպիտակի բաժնից` մարտարվեստի Հայաստանի չեմպիոն Գոռ Աջամյանը։
Իսկ ամենաշատ զոհերը եղան ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից և ենթակա ստորաբաժանումներից։
Զոհվեց արտերկրից Հայաստան վերադարձած ու հայրենիքում ընտանիք կազմած ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայող, ոստիկանության մայոր Արմեն Գրիգորյանը, նույն վարչության ծառայող, հմուտ օպերլիազոր Սրապ Շահինյանը, ոստիկանության Մուշի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, բազմաթիվ ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտած ոստիկանության մայոր Հակոբ Աղաբեկյանը, նույն բաժնի ամենաաշխատասեր ծառայող Սևակ Մովսիսյանը, ընկերասեր Խաչիկ Կարապետյանը, անչափահասների բաժանմունքի պետ, ոլորտում մեծ ներդրում ունեցած Կարեն Մանուկյանը, ոստիկանության Կումայրիի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ հումորով ու հոգատար Մկրտիչ Մուրադյանը, ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հասնող Սամվել Քոչինյանը, ոստիկանության Ախուրյանի բաժնի բարեխիղճ, առաքինի ծառայող, ոստիկանության մայոր Համլետ Մքոյանը, ոստիկանության Արթիկի բաժնի կարգապահ ու գրագետ ծառայող, ոստիկանության կապիտան Հակոբ Թովմասյանը, ոստիկանության Անիի բաժնից` զուսպ ու բանիմաց Ծովակ Մադաթյանը, ոստիկանության Աշոցքի բաժնից՝ նախկին զինվորական, Արցախում երկար տարիներ մարտական հերթապահություն իրականացրած, ոստիկանության մայոր Սիմոն Ավագյանը և մի քանի համալսարան գերազանցությամբ ավարտած բացառիկ ծառայող, ոստիկանության ավագ լեյտենանտ Ռաֆայել Նահապետյանը։
Մոտ մեկ տարի անհետ կորած էր համարվում ոստիկանության Աշոցքի բաժնի պետ, օրենքին ու օրինականությանը նվիրյալ ծառայող, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Ղազարյանը։ Սպասումները չիրականացան։ Օրեր առաջ հայտնաբերվեց նրա աճյունը։
Մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 4-ին էր Շուշիի մշակույթի տան ողբերգությունը։ Մի ակնթարթում կորցրինք մեր լավագույն գործընկերներին` համակարգի այն ծառայողներին, որոնք իրենց դժվարին ծառայությունից մեկնեցին ավելի դժվար ծառայության, որ կյանք արժի։
Նրանք Արցախյան 44-օրյա պատերազմի ոստիկանության առաջին զոհերն էին։
Փա՛ռք մեր զոհված գործընկերներին։
Մեր զորակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, որոնց տարելիցի կապակցությամբ այցելել են ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու տեղակալները։
Սիրելի´ ծնողներ, զավակներ, եղբայրներ ու քույրեր, հայրենիքի նվիրյալ մեր գործընկերների հարազատներ, ձեր որդիների, հայրերի ու եղբայրերի շնորհիվ այսօր կա Արցախը և կանք մենք։ Նրանք կյանք տվեցին հանուն մեր կյանքի, և մենք ապրում ենք նրանց կյանքի գնով։
Փա՛ռք նրանց, որ ընտրեցին իմացյալ մահն ու անմահացան։
Փա՛ռք ձեզ, որ դաստիարակեցիք ու հայրենիքին նվիրեցիք ձեր ամենասիրելիներին։
Նրանց ոչ ոք ու երբեք, երբե՛ք բացակա չի դնի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ