Սեպտեմբերի 23-ին Անկարայից Երևան չարտերային թռիչք է իրականացվել: Այսինքն, թուրքական մասնավոր ինքնաթիռ է Երևանում վայրէջք կատարել, գրել է 168.am-ը։
Կայքը օրեր առաջ դիմել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ ճշտելու, թե թուրքական ի՞նչ մասնավոր ինքնաթիռ է չարտերային թռիչք կատարել դեպի Երևան և ի՞նչ նպատակով:
ՀՀ քաղավիացիայի կոմիտեից ստացվել է հարցադրման պատասխանը, որում ասվում է։
«Ի պատասխան 2021 թվականի սեպտեմբերի 24-ի Ձեր հարցմանը՝ հայտնում ենք, որ ս.թ. սեպտեմբերի 23-ին թուրքական «VIZYON HAVACILIK» ավիաընկերության կողմից CESSNA CITATION XLS տիպի օդանավով իրականացվել է Անկարա-Երևան-Բոդրում ուղղությամբ բիզնես չարտերային չվերթ:
Տեղեկացնում ենք նաև, որ սույն չվերթով դեպի Երևան ուղևոր չի փոխադրվել, իսկ Երևանից փոխադրվել է երկու օտարերկրյա քաղաքացի»:
«Թուրքիայից Հայաստան մեր օդային սահմանը բաց է, և թուրքական մասնավոր ինքնաթիռների չարտերային թռիչքներ դեպի Հայաստան կարող են իրականացվել: Իսկ թե այդ բիզնես չարտերային չվերթը որևէ կապ ունի՞ ՀՀ-Թուրքիա «ներդրումային» հարաբերությունների ձևավորման կամ Փաշինյանի կողմից նշմարվող թուրքական ազդակների հետ, ժամանակը ցույց կտա»,- գրել է կայքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը