22 09 2021

ՊԵԿ-ի տվյալները փաստում են՝ կառավարության որոշումը չի ծառայել նպատակին. Yerkir.am

ՊԵԿ-ի տվյալները փաստում են՝ կառավարության որոշումը չի ծառայել նպատակին. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է.

«Արմա-Լեդեր» ընկերությունը, որը պատճառ էր դարձել, որ կառավարությունը որոշում կայացնի 6 ամսով արգելել չմշակված կաշվի արտահանումը՝ հենց որոշման մեջ նշելով, որ այդ ընկերությունը նոր սարքավորումներ է ներկրել և դրանք աշխատեցնելու համար տեղական հումք է պետք, փաստորեն, չի կատարել ստանձնած պարտավորությունը։

 «Չմշակված կաշվի արտահանման արգելքը կաշիները թափելու պատճառ է դարձել․ կառավարության փնթի որոշումը» հրապարակումից հետո Yerkir.am-ն այս մասին հարցում էր ուղարկել ՀՀ պետական եկամուտների կոմիտե, որի պատասխանից էլ պարզ է դառնում, որ կառավարության որոշումն, իսկապես, ոչ միայն չի խթանել կաշվի՝ տեղում մշակումը, այլև զարկ չի տվել կոշկագործությանը, ինչը ևս ակնկալվում էր որոշմամբ․ ընդամենը, չմշակված տեղական կաշին արտահանելու փոխարեն թափելու պատճառ է դարձել։

 Այսպիսով, 1․ «Արմա-Լեդեր» ընկերությունը խոստացել էր 150 նոր աշխատատեղ բացել՝ կաշին տեղում վերամշակելու համար, եթե կառավարությունն այն թույլ չտա դուրս բերել երկրից։

 ՊԵԿ-ի պատասխանից պարզ է դառնում, որ ընկերությունը հունիսի 3-ից՝ որոշման ընդունումից հետո էլ հայտարարագրել է ընդամենը 44-45 աշխատակից, այսինքն, խոստացված 150-ը այդպես էլ չեն ավելացել։

 2․ Որոշման ընդունումից հետո այս ընկերության՝ պետությանը վճարած հարկերը որոշ չափով ավելացել են․ եթե հունիսին կազմել են  1,642,363 դրամ, հուլիսին՝ 4,605,216, ապա օգոստոսին՝ 11,194,614 դրամ։

 3․ Կառավարությունը չմշակված կաշվի արտահանումն արգելող որոշմամբ ակնկալում էր, որ այն տեղում վերամշակող նոր ընկերություններ կբացվեն և մոտ 350 նոր աշխատատեղ կբացվի։ Ինչպես նաև կոշիկ կարող ընկերություններ կբացվեն։

 ՊԵԿ-ից ասում են՝ «2021թ-ի համար հարկային մարմին ներկայացրած հաշվարկներով «Մորթու վերջնամշակում և ներկում», «Կաշվի դաբաղում և վերջնամշակում բնական և բաղադրանյութային կաշվի արտադրություն» և «Կոշիկի արտադրություն» տնտեսական գործունեության դասակարգիչների առավելագույն տեսակարար կշիռ հայտարարագրել են թվով 40 տնտեսվարող սուբյեկտ: Հաշվի առնելով, որ վերջիններս գործում են ինչպես հարկման ընդհանուր այնպես էլ հատուկ համակարգերում (շրջանառության հարկի դաշտում), ուստի իրացման ծավալների վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն հարկային մարմնի տեղեկատվական բազայից հնարավոր կլինի ստանալ 2021 թվականի 3-րդ եռամսյակի ավարտից հետո: Սույն կետում գործունեություն ծավալող տնտեսվարողների կողմից 2021 թվականի հունվարից հուլիս ամիսների համար հարկային մարմին ներկայացված հաշվարկներով հայտարարագրվել է շուրջ 23 աշխատակից: 2021 թվականի հունիսի 3-ից հետո պետական գրանցում է ստացել՝ սույն կետում նշված ոլորտներ հայտարարագրած թվով 1 կազմակերպություն»:

 Փաստորեն, ընդամենը 1 նման ընկերություն է բացվել որոշման ընդունումից հետո, իսկ 300-350 նոր աշխատատեղի մասին խոսք անգամ չկա։

 Ստացվում է, գյուղացիների ահազանգը, որ կառավարությունը այս որոշումն ընդունել է իրեն հավատարիմ «Արմա-Լեդեր» ընկերությանը մենաշնորհատեր դարձնելու համար, կարող է գոյության իրավունք ունենալ։ Համենայն դեպս, այս որոշումը պատճառ է դարձել, որ գյուղացիները չմշակված կաշին զանգվածաբար թափեն, քանի որ այս ընկերությունում ո՛չ ընդունում են նման ծավալի կաշի, ո՛չ էլ ընդունածի համար ժամանակին ու բավարար վճարում։ Բացի այս, ընկերությունը չի ավելացրել աշխատակիցների թիվը այնքան, ինչքան խոստացել էր պետությանը։ Իսկ վերամշակող ու կոշիկ արտադրող նոր ընկերություններ, ՊԵԿ-ի տվյալներով, գրեթե չեն բացվել։ 

Սա ևս մեկ ապացույց է կառավարության՝ «ունքը սարքելու փոխարեն աչքն էլ հանելու» և յուրայիններին, հնարավոր է, հովանավորելու քաղաքականության, որի վկայությունը՝ ՊԵԿ-ի պատասխանը, կցում ենք հրապարակմանը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ