22 09 2021

Սատարել եմ «Հայաստան» դաշինքին, ճիշտ եմ արել. Գեղամասարի ղեկավար



Արդեն իսկ խոշորացված Գեղամասար համայնքը նորից ուզում են խոշորացնել, դրա նպատակը չեմ կարողանում հասկանալ. խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Եթե մի համայնք արդեն ունեցել է իր հաջողությունները, կարողացել է իր կառավարման տարիներին բարձր արդյունքներ ցույց տալ, ինչո?ւ են դարձյալ խոշորացնում»,- ասաց նա։

Ավետյանը հայտարարեց, որ խոշորացման մեջ ուղղակի քաղաքական միտումնավոր նպատակ է տեսնում, որը, նրա խոսքով, ոչ ոք չի կարող ժխտել։  

«Դա առաջացել է այն ժամանակ, երբ խորհրդարանական ընտրություններում ունեցա իմ քաղաքական հայացքը, սատարեցի «Հայաստան» դաշինքին։ Այժմ, տեսնելով սահմանային իրավիճակը, ես իմ տեսակետի մեջ ավելի եմ հիմնավորվում, որ ճիշտ եմ արել»,- ասաց Հակոբ Ավետյանը։

Համայնքապետի խոսքով՝ Գեղամասարը փռված է սահմանի փեշով, 18 գյուղն ունի 80 կմ սահմանային գիծ, որը չի կարելի համեմատել, օրինակ, Էջմիածնում կամ որևէ կենտրոնական հատվածում գտնվող գյուղերի հետ։ 

«Այս գյուղերը ունեն բազմաթիվ խնդիրներ՝ և՛ անվտանգության, և' տնտեսական։ Անկախ նրանից, թե ով որ բնակավայրում է ապրում, մենք ունենք մեկ նպատակ՝ տեսնել ուժեղ Հայաստան և բարձր մակարդակի տնտեսություն։ Այդ հարցը ոչ մեկի կողմից չի քննարկվում։ Մարդիկ տեսնում են, որ այդ գյուղերում վտանգավոր է ապրելը, սկսում են արտագաղթել։ Պետության առաջնահերթ խնդիրներից պետք է լինի անվտանգությունը, և խնդրում եմ, որ կառավարությունը հաշվի առնի այդ ամենը, հանրային լսումներ անցկացնի, հաշվի առնի ժողովրդի կարծիքը, և ինձ թվում է, որ հաստատ կփոխի իր մոտեցումն այդ համայնքի շուրջ»,- հայտարարեց Հակոբ Ավետյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ