Ազգային ժողովում կրկին պարգևավճարներ են բաժանվել. «Պատիվ ունեմ» խմբակցությունն այս թեմայի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։
«Այսօր տեղեկացանք, որ ՀՀ անկախության 30-ամյակի առթիվ ԱԺ բոլոր պատգամավորները ստացել են միանվագ դրամական պարգևատրում:
Արցախյան վերջին պատերազմի հետևանքով՝
զոհվել են հազարավոր հայորդիներ, որոնցից շատերը ընտանիքի միակ կերակրողն էին,
հազարավոր պատերազմի մասնակիցներ մինչ օրս կարիք ունեն որակյալ բժշկական օգնության,
տասնյակ հազարավոր տեղահանվածներ, չունենալով մշտական տանիք և կայուն ապրուստի միջոց, ապավինում են պետության միջոցներից և այլ աղբյուրներից ստացվող սոցիալական օգնություններին,
ինչպես նաև առկա են բազմաթիվ այլ սոցիալական խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ:
Հաշվի առնելով այս ամենը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չեն կարող լինել այն ազգընտիր պատգամավորների շարքում, որոնք շարունակում են ստանալ պարգևավճարներ, ապրել սովորական կյանքով, կարծես ոչինչ տեղի չի ունեցել:
«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարում է, որ փոխանցված պարգևավճարները ուղղվելու են վերը նշված սոցիալական խնդիրների լուծմանը», - ասված է հայտարարությունում։
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցությունն էր հայտարարել, որ այդ գումարից չեն օգտվելու՝ կամ կվերադարձնեն պետական բյուջե, կամ Հայաստանի սահմանամերձ մարզերում այդ գումարով կիրականացնեն որևէ ծրագիր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը