Panorama.am-ը գրում է․
Կառավարության նիստում երեկ հավանության արժանացած համայնքների խոշորացման ծրագրի հիմնավորման մեջ Տիգրանաշեն համայնքը որևէ փնջում ներառված չէ (Տես օրակարագի 28-րդ հարցի հիմնավորումը):
Տիգրանաշենի հարակից գյուղերը, ըստ գործադիրի հավանությանն արժանացած
նախագծի, ընդգրկվելու են Արարատի փնջում։
«Նախագծով նախատեսվում է ձևավորվել հետևյալ համայնքային փնջերը. ՀՀ Արարատի մարզի Արարատ՝ ք. Արարատ, գ․Արարատ, Ավշար, Արմաշ, Երասխ, Զանգակատուն, Լանջառ, Նոյակերտ, Պարույր Սևակ, Սուրենավան, Վարդաշատ, Ուրցալանջ (թվով 12)»,-մասնավորապես ասված է հիմնավորման մեջ, որը հրապարակված է կառավարության պաշտոնական էջում։
Ուշագրավ է, որ բուն նախագծերում խոշորացվող այս փնջում Տիգրանաշեն գյուղը ներառված է եղել։ Եթե չլիներ համայքններին հաջորդող փակագծում նշված 12 թիվը, կարելի էր կարծել, որ կառավարությունում անմեղ սխալ են թույլ տվել։
Սակայն հաշվի առնելով՝ նախօրեի Տիգրանաշենը թշնամուն հանձնելու վերաբերյալ մամուլի երեկվա ու ավելի վաղ արված հրապարակումները, կարող ենք ենթադրել, որ Հայաստանի իշխանություններն արդեն կայացրել են թաքուն որոշում Արարատի մարզի այդ գյուղն Ադրբեջանին հանձնելու մասին։
Panorama.am-ը կառավարությանը, տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների, ԱԳ նախարարություններին հրապարակային կերպով հարցեր է ուղղում.
Ինչո՞ւ կառավարության պաշտոնական էջում հրապարակված հիմնավորման մեջ Արարատի փնջի գյուղերի ցանկում ներառված չէ Տիգրանաշենը։
Ի՞նչ որոշում է կայացված Տիգրանաշենի հետագա ճակատագրի մասով։
Այս պահին թշնամու հետ ի՞նչ բանակցություններ են ընթանում գյուղի վերաբերյալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը