Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Երբ մենք հստակորեն արձանագրում ենք, որ Հայաստանի և Բաքվի բարբարոսական վարչախմբի միջև իրականում երբևէ չի եղել, չկա և չի լինելու առանձին վերցրած Արցախի, Նախիջևանի, ինչ-որ սահմանազատման կամ մեկ այլ «տեղային» խնդիր, և պայքարը ավելի լայն խորապատկեր ունի, սա ոչ միայն նախապայման է պատրանքներից ազատ Հայաստանի տեսլականի ձևակերպման համար, այլ նաև այդ տեսլականի իրագործման ճանապարհին հնարավորություն ձեռք բերելու դաշնակիցներ։ Փորձեմ բերել շատ պարզ երկու օրինակ:
Երբ մենք տրվում ենք այն մոլորությանը, որ Հայաստանի Տավուշի մարզի գյուղատեղիների խնդիրը Հայաստանի և արհեստածին Ադրբեջանի միջև զուտ ինչ-որ տեղային սահմանազատման հարց է, ապա այն դադարում է հետաքրքիր լինել, դիցուք, Վրաստանին։ Մինչդեռ, եթե խնդիրը ձևակերպվի որպես Տավուշի մարզով Հայաստանը և Վրաստանը միմյանց կապող և Վրաստանին դեպի Իրան ու Պարսից ծոց դուրս բերող ռազմավարական նշանակության ճանապարհի հանդեպ Բաքվի բարբարոսական վարչախմբի նկրտում, ապա այս հարցով համագործակցության տիրույթ կարող է բացվել Վրաստանի հետ։
Գրեթե նույն կերպ խնդիրը պետք է ձևակերպվի, ասենք, Տիգրանաշենի պարագայում։ Այն Հայաստանի անքակտելի մաս ինչ-որ առանձին վերցրած գյուղ չէ միայն, որի նկատմամբ ծավալապաշտական նկրտում ունի արհեստածին Ադրբեջանի ներկայիս վարչախումբը։ Տիգրանաշենը Հայաստանը Իրանին կապող ռազմավարական նշանակության ճանապարհի հանգույց է՝ ճանապարհ, որն Իրանի համար ապահովում է ելք դեպի Սև ծով, և որը կարող է դառնալ կարևոր օղակ նաև հնդկական Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի համատեքստում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը