06 09 2021

Չէի կարող 150 հազար դրամ վճարել, երեխաներիս վերցրի ու դուրս եկա. արցախցի կինը՝ Շուշի վերադառնալու պատճառի մասին․ News.am

Չէի կարող 150 հազար դրամ վճարել, երեխաներիս վերցրի ու դուրս եկա. արցախցի կինը՝ Շուշի վերադառնալու պատճառի մասին․ News.am

NEWS.am-ը գրում է․

«Շուշիի նախկին բնակիչ Իզաուրա Բալասանյանը օգոստոսի 1–ին 4 մանկահասակ երեխայի հետ, որոշել է հատել Շուշիի սահմանը՝ այնտեղ ապրելու նպատակով, սակայն ռուս խաղաղապահների միջամտությամբ նրանք հետ են վերադարձել։

Իզաուրան NEWS.am-ի հետ զրույցում  պատմեց, որ հարկադրված է այդ քայլին գնացել, որովհետեւ Արցախում կեցավայր չունի։ Նա հոկտեմբերի 1–ին Շուշիից դուրս է եկել եւ բնակություն հաստատել  Ստեփանակերտի Դավիթ Բեկ փողոցի հանրակացարանում։ Մեկ ամիս առաջ հանրակացարանի սեփականատերը տան վարձը  100 հազարից 150 հազար դրամ է դարձրել, որը Իզաուրան ի վիճակի չի եղել վճարել։

Նա պատմեց, որ դիմել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն կեցության հարցերը լուծելու համար, սակայն իր խոսքով՝ օգնություն չի ցուցաբերվել եւ ստիպված Շուշիի սահմանը հատելու եւ այնտեղ  բնակվելու մասին որոշում է կայացրել։

«Ես չէի կարող 150 հազար դրամ վճարել, տան տերն էլ ասում էր՝ էդ դեպքում պետք է տունն ազատեմ։ Ես երեխաներիս վերցրի ու դուրս եկա, բարձրացա Շուշի։ Երբ հայերի կողքով անցա, իրենց չասացի՝ ուր եմ գնում, եթե ասեի՝ հետ կտային, իսկ երբ ռուս խաղաղապահների մոտ հասա՝ հետաքրքրվեցին, թե ուր եմ գնում եւ ինչի համար, ասացի, որ հանձնվում եմ իրենց, ոչ մի բան չունեմ կորցնելու, ես եմ ու չորս երեխաներս, կպահե՞ն՝ կպահեն, կմորթե՞ն՝ կմորթեն։ Ինձ ասացին՝ հարցին այլ լուծում կտրվի ու իրենց զանգելուց հետո իմ հետեւից ոստիկաններ եկան ու մեզ իջեցրին Ստեփանակերտ»,– ասաց Իզաուրան ու հավելեց, որ կրկին դիմել է Արցախի կառավարություն, որտեղից ասել են, թե Ասկերանի շրջանի  Կարմիր գյուղում իր համար տուն կգնեն։ 

«Ոչ մի բանից չէի վախենում, ջղայնացած էդ քայլին դիմեցի, չմտածեցի՝ ինչ եմ անում, բայց ես ինչ անեմ, ով էլ լիներ իմ փոխարեն այդպես կաներ, որտե՞ղ ես մնամ, մի քանի գիշեր ես երեխաների հետ գոմում եմ գիշերել, մինչեւ ընկերներիցս մեկն ինձ համար Խնածախ գյուղից մի քանի կիլոմետր հեռու գտնվող Ջամիլու տեղանքում տուն գտավ։
Տունը վատը չէ, նորմալ է, բաղնիքն է մի քիչ անմխիթար վիճակում։ Երեխաներիս դպրոցը հեռու է, 3 կմ  ճանապարհ են անցնում, որ դպրոց հասնեն։  Ես այստեղ անվճար եմ ապրում, չեմ աշխատում, մահացածի փող եմ ստանում, դրանով եմ երեխաներին պահում»,–  պատմեց 32–ամյա մայրը։

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է լսում Իզաուրայի հետ կատարվածի մասին։ Նրա խոսքով ՝ Իզաուրան Շուշիում գրանցում չի ունեցել եւ  մի քանի տարի էր, որ ապրում էր Շուշիում եւ աշխատում «Շինվերանորոգում» ՓԲԸ–ում որպես հավաքարար։

«Ինքն ինձ հետ միշտ կապի մեջ է լինում, խորհուրդ հարցնում, ես փորձում եմ օգնել, նա անտեսված չի եղել մեր կողմից։ Վերջերս կապվել էր ինձ հետ, ու ասում էր, որ Ստեփանակերտի մոտակա գյուղերում ինչ–որ բնակարան կա, հետաքրքրվում էր, թե ոնց կարող է այն պետությունը հատկացնի իրեն։ Թեկուզ Իզաուրան Շուշիում գրանցված չէր եւ բնակարան չուներ, բայց ինքը մեզ մոտ ցուցակագրված է, որ երբ սկսեն մարդկանց բնակարաններով ապահովել, իրեն էլ հերթը հասնի»,– ասաց Սարգսյանը։

Արծվիկ Սարգսյանը նշեց, որ  Իզաուրայի ընտանիքն օգտվել է Արցախի Կառավարության կողմից հատկացվող բոլոր սոցիալական ծրագրերից»։

Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ