Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:
Աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի աշխատանք, իսկ գործատուն՝ աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել օրենսդրությամբ սահմանված աշխատանքային պայմանները։ Դրանում պարտադիր պետք է նախատեսվի հիմնական աշխատավարձի չափը և (կամ) այն որոշելու ձևը, աշխատաժամանակի ռեժիմը, ամենամյա արձակուրդի տեսակը, տևողությունը և այլն։
Աշխատանքի ընդունվելիս գործատուն պարտավոր է աշխատանքային պայմանագիր կնքել աշխատողի հետ։ Այն կնքվում է նաև փորձաշրջան անցնող աշխատողների հետ (փորձաշրջանի ժամկետն առավելագույնը 3 ամիս է, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ մինչև 6 ամիս)։
Աշխատանքային պայմանագիրը կազմվում է 2 օրինակից, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է աշխատողին՝ այն ստորագրելուց հետո 3 օրվա ընթացքում։ Այն, որպես կանոն, կնքվում է անորոշ ժամկետով՝ բացառությամբ, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները։
Աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել կողմերի համաձայնությամբ, աշխատողի կամ գործատուի նախաձեռնությամբ, ինչպես նաև Աշխատանքային օրենսգրքով սահմանված այլ հիմքերով։
Գործատուի նախաձեռնությամբ այն կարող է լուծվել, օրինակ՝ կազմակերպության լուծարման, հաստիքների կրճատման, անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքերում։
Գործատուն աշխատողին չի կարող աշխատանքից ազատել վերջինիս ժամանակավոր անաշխատունակության, արձակուրդում գտնվելու ժամանակահատվածներում՝ բացառությամբ կազմակերպության լուծարման դեպքի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը