26 04 2019

Ալավերդու պնղձաձուլարանի աշխատողները գործազուրկ կդառնան հունիսի 30-ից

Ալավերդու պնղձաձուլարանի աշխատողները գործազուրկ կդառնան հունիսի 30-ից

«Վալլեքս» խմբի ընկերությունները տեղեկացնում են, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքի կասեցման հետևանքով Ալավերդի խոշորացված համայնքում սոցիալ-տնտեսական իրադրության վատթարացումը կանխելուն ուղղված աշխատանքների շրջանակներում մշակվել է հայեցակարգային պլան: Այս մասին հայտնում են «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հայեցակարգային պլանը ներկայացվել է ՀՀ կառավարությանը՝ դրա շուրջ հետագայում կառուցողական քննարկումներ ծավալելու և միասնական դիրքորոշում ձևավորելու ակնկալիքով։

«Ինչպես հայտնի է, 2018թ. հոկտեմբերից Գործարանում ժամանակավորապես դադարեցվել է խտանյութերի վերամշակումն ու անզուտ պղնձի արտադրությունը, որից հետո Ընկերությունը նախաձեռնել է աշխատողների թվաքանակի և հաստիքների կրճատման գործընթաց՝ բոլոր աշխատողներին օրենքով սահմանված կարգով տալով նշված հիմքով աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցումներ: Մինչ այժմ երկու անգամ չեղարկվել են նախկինում տրված համանման ծանուցումները, և Ընկերության բոլոր աշխա­տող­ներին տրվել են նոր ծանուցումներ՝ նախատեսվող ազատումներն այլ ժամկետում կատարելու մասին։ Համաձայն վերջին (գործող) ծանուցումների աշխատողների թվաքանակի և հաստիքների կրճատումները նախատեսվում է իրականացնել 2019 թ. ապրիլի 30-ից:

Հայեցակարգային պլանում դիտարկվում են Գործարանում արտադրության վերսկսման հնարավոր տարբերակներ, այդ թվում՝

Պղնձի արտադրության ժամանակավոր վերագործարկում, որին զուգահեռ պետք է տարվեն աշխատանքներ ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով զտված պղնձե արտադրանք թողարկելու, ինչպես նաև նոր պղնձաձուլարանի կառուցման ուղղությամբԱղացագնդերի նոր արտադրության կազմակերպում։ Որպես գործունեության նոր ձև, այս ծրագիրը ենթադրում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության և այլ իրավական գործընթացներ, որոնք առավել ժամանակատար են։Դիտարկվում է նաև վերոնշյալ երկու տարբերակների համատեղ իրագործման հնարավորությունը:

Հայեցակարգային պլանի շուրջ կառավարության և շահագրգիռ հանրության հետ քննարկումների համար նախապայմաններ ապահովելու նկատառումներով «Վալլեքս» խմբի ընկերությունները որոշել են Ընկերության աշխատողների պայմանագրերի լուծման պահը հետաձգել ևս երկու ամսով և աշխատողներին տալ նոր ծանուցումներ՝ համապատասխան աշխատանքային պայմանագրերը 2019 թ. հունիսի 30-ից  լուծելու մասին:

Մենք լիահույս ենք, որ ՀՀ Կառավարության և շահագրգիռ հանրության հետ կառուցողական քննարկումների արդյունքներով հնարավոր կլինի ընտրել Ալավերդի համայնքի համար լավագույն հեռանկար ապահովող տարբերակը և պատրաստ ենք անել հնարավոր առավելագույնը հանրային հավանության արժանացած ծրագիրը կյանքի կոչելու համար»,- ասված է ընկերությունների խմբի տարածած հայտարարության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ