25 08 2021

Սեյրան Օհանյանի շնորհիվ առաջնագծի ողջ երկայնքով տեղադրվեցին դիտարկման սարքեր․ի՞նչ է պատմում Նաիրի Հոխիկյանը

Սեյրան Օհանյանի շնորհիվ առաջնագծի ողջ երկայնքով տեղադրվեցին դիտարկման սարքեր․ի՞նչ է պատմում  Նաիրի Հոխիկյանը

Մեդիափորձագետ  Նաիրի Հոխիկյանը գրում է․

ԱԺ-ում «շիշ բռնող» մականունով տղայի վրա շիշ շպրտելն, իհարկե, սխալ էր, մանավանդ երբ դա անում է գեներալը։

Բայց ես ուզում եմ պատմել մի իրականության մասին, որի շնորհիվ հազարավոր հայ զինվորների, այդ թվում այս տեքստը կարդացող շատ ծնողների զավակների կյանքեր փրկվեցին 2016-2020 թվականների ընթացքում։

2016-ի ապրիլյան պատերազմից հետո "Կենտրոն" հեռուստաընկերության եթերում հաղորդում սարքեցի առաջնագծի խնդիրների մասին։ Եթեր գնալուց հետո ինձ զանգեց Արամ Եդիգարյան անունով գիտնական' նշելով, որ իր ընկերությունը ստեղծել է սահմանային դիտարկման տեսախցիկներ, որոնք միանգամից երեք գործառույթ ունեն' գիշերային տեսանելիություն, ջերմատեսիլ և հեռադիտակ։ Այդ սարքերը տեղադրվում են առաջնագծից 3-4կմ հետ և կարող են հաջողությամբ դիտարկել թշնամու տեղաշարժը օրվա ցանկացած ժամին և ցանկացած եղանակային պայմաններում։

Արամի ստեղծած սարքը նկարեցինք, հաղորդումը եթեր գնաց 2016-ի մայիսի 20-ին' ՀՀ ՊՆ-ին կոչ անելով ձեռք բերել այդ սարքերը և փրկել հայ զինվորի կյանքը։

Մայիսի 22-ին ես գործուղվեցի ՌԴ Անապա քաղաք' նկարահանումների։ Վերադարձին ինձ զանգեց Արամը և հայտնեց, որ իր հետ կապվել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ցանկացել մանրամասներ իմանալ հայկական արտադրության առաջնագծի դիտարկման սարքի մասին։

Արամը հանդիպել էր Սեյրան Օհանյանի հետ։ Թե ինչ էր եղել հետո, պայմանավորվեցի՞ն արդյոք հայկական ընկերությունն ու ՊՆ-ն, թե՞ պետությունը պայմանագիր կնքեց այլ ընկերությունների հետ, չեմ մանրամասնի, բայց ամիսներ անց ՀՀ և Արցախի առաջնագծի մեծ մասում տեղադրվեցին դիտարկման սարքեր' ապահովագրելով հայ զինվորին թշնամու դիվերսիոն գործողություններից և փրկելով հազարավոր կյանքեր։

Այս դրվագի մասին տեղեկացեք մարդկանց հայհոյելուց առաջ։ Սեյրան Օհանյանի հետ երբևէ ծանոթ չեմ եղել, բայց սեփական փորձով գիտեմ, որ նրա շնորհիվ առաջնագծի ողջ երկայնքով տեղադրվեցին դիտարկման սարքեր, և հայ դիրքապահ զինվորի համար թշնամու յուրաքանչյուր գործողություն դարձավ տեսանելի և վերահսկելի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ