Ռուսական խաղաղապահ զորակազմի ականազերծման հումանիտար ստորաբաժանման սակրավորներն սկսել են պայթյունավտանգ առարկաներից մաքրել ավելի քան 20 հա տարածք Լեռնային Ղարաբաղի Մարտունիի շրջանի Կոլխոզաշեն գյուղում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ երկու ամսում ամենօրյա աշխատանքների արդյունքում խաղաղապահ զորակազմի սակրավորները ականազերծել են ավելի քան 100 հեկտար տարածք սահմանազատման գծի մոտ գտնվող Մաճկալաշեն, Խերխան և Հերհեր բնակավայրերում, որպեսզի հնարավոր լինի գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել այնտեղ:
Խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Իլյա Ստոլիչնին հայտնել է, որ Մաճկալաշենում հայտնաբերվել է տարատեսակ զինամթերք, այդ թվում՝ 120 միլիմետրանոց հրետանային արկեր և կասետային զինամթերք, որոնք դուրս են բերվել տեղանքից և ոչնչացվել են:
Ընդհանուր առմամբ, սակրավորները ստուգել են 1927 շինություն, մաքրել ավելի քան 674 կմ ճանապարհ, ավելի քան 2257 հեկտար տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է 25 798 պայթյունավտանգ առարկա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը