Ս.թ. փետրվար-մարտ ամիսներին, մասնագետները կազմել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների գերեզմանների կառուցապատման, ինչպես նաեւ հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի նախագիծ-առաջարկը:
Պաշտպանության նախարարության ղեկավարությունը որոշում է կայացրել աշխատանքներն իրականացնել 2 փուլով.
Հուշահամալիրի գերեզմանների շինարարական աշխատանքների իրականացում,
Բարեկարգման, ինժեներական համակարգերի եւ օժանդակ կառույցների իրականացում:
Սահմանված կարգով շինարարական 4 կազմակերպությունների հետ կնքվել են պայմանագրեր եւ, յուրաքանչյուր կազմակերպության համար առանձնացված տեղամասերում, նախապես համաձայնեցված նախագծային լուծումներով, ներկայում իրականացվում է գերեզմանների կառուցապատումը` ներառյալ հաստատված հատակագծերով հուշաքարերի տեղադրումը, բազալտե հատակի կառուցումը եւ այլն: Թեեւ հուշաքարերը հատակագծվել են քննարկելով մի խումբ հարազատների հետ, համաձանեցվել ճարտարապետի հետ, այնուամենայնիվ, որոշ հարազատներ հայտնել են իրենց անհամաձայնությունը:
Որպես խնդրի լուծում՝ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ, տեղում դրվել են մատյաններ, որտեղ զոհվածների հարազատները կարող են ներկայացնել իրենց առաջարկները, որոնք կուսումնասիրվեն, կամփոփվեն եւ սեղմ ժամկետում կկայացվի վերջնական որոշում:
Զուգահեռաբար, ճարտարապետը եւ նախագծային կազմակերպությունը մշակում են զոհվածների հիշատակը հավերժացնող կոթողի, ինչպես նաեւ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքի ենթակառուցվածքի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, որոնք ներառելու են տարածքների բարեկարգման, ասֆալտապատման, եզրաքարերի տեղադրման ու ջրահեռացման, ոռոգման ցանցերի, էլեկտրական լուսավորման ու տեսահսկման համակարգեր: Նախատեսվում են նաեւ հսկիչ-անցագրային կետի, հասարակական սանհանգույցի կառուցում եւ տարածքի ընդհանուր ցանկապատում:
Նշված ճարտարապետահատակագծային եւ նախագծային գործընթացի սահմանված կարգով նախապատրաստական աշխատանքների ավարտը նախատեսվում է 2021թ. տարեվերջին, իսկ կառուցապատման մեկնարկը՝ 2022թ. առաջին կամ երկրորդ եռամսյակներում՝ կախված եղանակային պայմաններից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը