19 08 2021

Փաշինյանի ստացած «խաղաղության մանդատի» գինը․ 11 զոհ, 11 վիրավոր, 3 անհետ կորած զինվոր՝ 2 ամսում

Փաշինյանի ստացած «խաղաղության մանդատի» գինը․ 11 զոհ, 11 վիրավոր, 3 անհետ կորած զինվոր՝ 2 ամսում

 

2021թ․ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին Նիկոլ Փաշինյանի թիմը մասնակցում էր «Ապագա կա ապագա» կարգախոսով, իսկ ընտրություններից հետո Փաշինյանը հայտարարեց, թե ժողովուրդն իրեն տվել է երկարատև խաղաղության, անվտանգության մանդատ։

Ցավոք, սահմանային իրավիճակը բոլորովին այլ բան է ասում։ Հունիսի 21-ից ի վեր, այսինքն՝ 2 ամսից էլ պակաս ժամանակահատվածում, ունենք հետևյալ սահմանային վիճակը՝ ըստ Պաշտպանության նախարարության հաղորդագրությունների․

  • Հրադադարի խախտում – 21 օր
  • Զոհեր՝ հակառակորդի կրակոցից – 6
  • Զոհեր՝ ոչ սահմանային միջադեպերից – 2
  • Զոհեր՝ դեռևս չպարզված հանգամանքներում – 3
  • Անհետ կորած - 3
  • Վիրավորներ՝ հակառակորդի գործողությունների արդյունքում – 11

Այսպիսով, ունենք 11 զոհ, 11 վիրավոր, 3 անհետ կորած՝ երկու ամսից էլ պակաս ժամանակահատվածում։

Այս ընթացքում ունեցել ենք թշնամական ԱԹՍ-ների ներխուժման մի քանի դեպք, ունեցել ենք դեպքեր, երբ թշնամին կրակել է ավտոմեքենաների վրա, ընդ որում՝ ոչ միայն հայկական, այլև՝ Իրանից բեռներ փոխադրող, ունեցել ենք դեպքեր, երբ թշնամին հրդեհել է հայկական տարածքները, ունեցել ենք դեպքեր, երբ գերի են վերցրել գյուղացիների, ապա բանակցությունների արդյունքում վերադարձրել են, ունեցել ենք հարյուրավոր անասունների գողության դեպքեր։

Միայն այսօր՝ օգոստոսի 19-ին, հայտնաբերվեց 3 զինծառայողի դի։ Մամուլը ավելի շուտ հրապարակեց, քան պաշտպանության ննախարարությունը։ Ու դեռ պարզ չէ, թե ինչ հանգամանքներում են զոհվել, իսկ մամուլը խոսում է դիվերսիայի մասին։ Պաշտպանության նախարարությունը կոչ է անում միայն պաշտոնական ինֆորմացիա հրապարակել, սակայն փաստն այն է, որ պաշտոնական ինֆորմացիան վստահություն չի ներշնչում։ Օրինակ՝ հուլիսի 23-ին ՊՆ-ն հայտարարություն գարածեց, որ Գեղարքունիքի հատվածում Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, եղել է ինտենսիվ փոխհրաձգություն, հրազենային թեթև վիրավորում է ստացել 3 հայ զինվոր։ Այնուհետև պարզվեց, որ իրականում նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, ՊՆ-ն ստել է։

Ահա այսպիսին է վիճակը Նիկոլ Փաշինյանի՝ «ապագա կա ապագա» կարգախոսի ներքո խաղաղության մանդատ ստանալուց հետո։ Ու վատն այն է, որ այս ամենի վերջը չի երևում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ