18 08 2021

Շուտով արդարությունը կվերականգնվի, եւ ես կկարողանամ ԱԺ–ում անցնել իմ պարտականություններին. Սիսիանի նախկին համայնքապետ

Շուտով արդարությունը կվերականգնվի, եւ ես կկարողանամ ԱԺ–ում անցնել իմ պարտականություններին. Սիսիանի նախկին համայնքապետ

 

Սիսիան խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանն այսօրվանից դադարեցնում է իր լիազորությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Սարգսյանը, որն արդեն մեկ ամիս կալանավորված է։

Հայտարարության մեջ ասվում է.

«Հունիսի 20-ին կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր եմ ընտրվել «Հայաստան» դաշինքի ցուցակով: Ճիշտ է, մինչ օրս հանիրավի խոչընդոտվում է իմ կողմից պատգամավորական լիազորությունների ստանձնումը, սակայն համոզված եմ, որ շատ շուտով արդարությունը կվերականգնվի, եւ ես կկարողանամ ՀՀ Ազգային ժողովում անցնել իմ պարտականությունների կատարմանը՝ նպաստելով պետականամետ ու հայանպաստ օրենքների ընդունմանը:

Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ճանաչելով, հավատալով ու վստահելով ինձ, խորհրդարանական ընտրություննրին իրենց քվեն են տվել «Հայաստան» դաշինքի օգտին՝ մեր քաղաքական թիմից ակնկալելով պայքար մինչեւ հաղթանակ: Մեր պայքարը հզոր, անվտանգ ու բարեկեցիկ պետություն ունենալու համար է:

Հարգելի սիսիանցիներ, այսօրվանից դադարեցնում եմ խոշորացված Սիսիան համայնքի ղեկավարի իմ լիազորությունները: Անցած հինգ տարիների համատեղ լարված եւ արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն եմ հայտնում համայնքապետարանի, համայնքային կառույցների աշխատակիցներին, ավագանու անդամներին եւ վարչական ղեկավարներին: Մեր գործունեության գլխավոր նպատակը Սիսիան բազմաբնակավայր համայնքի զարգացումն ու բնակչության բարօրությունն է եղել: Միասին շատ ծրագրեր ենք կազմել, իրականացրել, շատ աշխատանքներ ենք կատարել, որոշները ընթացքի մեջ են…անելիքները դեռ շատ են: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ Սիսիան քաղաքի եւ խոշորացված համայնքի կազմում ընդգրկված 31 բնակավայրերի բոլոր բնակիչներին: Ես միշտ իմ հարազատ ծննդավայրի կողքին եմ լինելու եւ սիսիանցիների հոգսերով եմ ապրելու: Շուտով կտեսնվենք:

Ի վերջո մեզ միայն մի կյանք է շնորհված եւ յուրաքանչյուրս պետք է ապրենք արժանապատիվ հայի կյանքով՝ հանուն ազատ, անկախ Հայաստանի:

Խաղաղություն եւ անվտանգ ապագա Հայաստանի Հանրապետությանը:

Բարին ընդ ձեզ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ