ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը խիստ կարեւորում է պետական իշխանության համակարգում դատական իշխանության՝ ապաքաղաքական, չեզոք եւ միայն մասնագիտական տիրույթում գործելու սահմանադրական առաքելությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհուրդը։
«ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը խիստ կարեւորում է պետական իշխանության համակարգում դատական իշխանության՝ ապաքաղաքական, չեզոք եւ միայն մասնագիտական տիրույթում գործելու սահմանադրական առաքելությունը:
Պետական իշխանության թեւերի բաժանման ու հավասարակշռման սահմանադրական սկզբունքի վրա ձեւավորված օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների համագործակցությունը կարող է արդյունավետ գործել միայն այդ մարմինների ու պաշտոնատար անձանց փոխադարձ հարգանքի ու փոխըմբռնման պարագայում:
Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի թիվ 18 (2015) եզրակացության համաձայն, քաղաքական գործիչների կողմից անհավասարակշիռ քննադատական մեկնաբանությունը կարող է խաթարել հանրային վստահությունը դատական իշխանության նկատմամբ:
Նկատի ունենալով, որ ութերորդ գումարման ՀՀ ԱԺ-ը նոր է կազմավորվել, ԱԺ բոլոր խմբակցություններին ու պատգամավորներին հորդորում ենք դատական իշխանության եւ դատարանների վերաբերյալ իրենց արտահայտած կարծիքներում եւ դիրքորոշումներում լինել առավելագույնս զուսպ եւ կոռեկտ»,- նշվում է հայտարարության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը