14 08 2021

Մարդիկ չեն կարողանում վճարել վարկերը, զրկվել են հողատարածքներից ադրբեջանական ԶՈւ պատճառով. ՄԻՊ

Մարդիկ չեն կարողանում վճարել վարկերը, զրկվել են հողատարածքներից ադրբեջանական ԶՈւ պատճառով. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է պատերազմից հետո սահմանային դարձած Սյունիքի մարզի Տեղ համայնք: Տեղ գյուղում հանդիպմանը մասնակցել են նաև Արավուս, Խոզնավար, Խնածախ և մի շարք այլ գյուղերի բնակիչներ, պատերազմից հետո Արցախի Բերձոր, Քաշաթաղ և մի շարք այլ բնակավայրերից տեղահանված բնակիչներ: Նրանք բարձրացրել են ադրբեջանական զինծառայողների անօրինական արարքների արդյունքում իրենց պատճառված վնասների հատուցմանը վերաբերող հարցեր: Որպես հիմնական խնդիր՝ նշվել է, որ իրենք զրկվել են ՀՀ իրավասու մարմինների տրամադրած օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով իրենց պատկանող կամ վարձակալած հողատարածքներից, որոնք մշակելու համար բանկերից կամ վարկային կազմակերպություններիղ վերցրել են վարկեր, սակայն ադրբեջանական զինծառայողների՝ իրենց տարածքում անօրինական ներկայության պատճառով մշակված հողատարածքներից չեն կարողացել ստանալ բերքը: Ադրբեջանական վերահսկողության տարածքներում է մնացել նաև իրենց պատկանող գյուղտեխնիկան:

Բնակիչները վարկեր են վերցրել նաև անասնապահությամբ զբաղվելու նպատակով. գնել են խոշոր կամ մանր եղջերավոր կենդանիներ, կառուցել են շինություններ ու անասնագոմեր: Բայց պատերազմական գործողությունների ընթացքում  կենդանիները կամ ոչնչացվել են ադրբեջանական զինված ուժերի հարձակումների պատճառով, կամ գողացել են այդ երկրի զինծառայողները:

Ստեղծված իրավիճակում մարդիկ վարկերը և տոկոսադրույքները վճարելու համար եկամուտ չունեն, իսկ բանկերը կամ վարկային կազմակերպությունները հաշվի չեն առնում նրանց վիճակը և պահանջում են վարկերի գումարներն ու տոկոսները:

Հանդիպման ընթացքում բնակիչներն ընդգծել են աջակցության և սահմանամերձ գյուղերի բնակիչների համար նախատեսված արտոնությունների կամ հատուկ ծրագրերի անհրաժեշտությունը, որպեսզի անվտանգության նոր խնդիրների առաջացրած սոցիալական դժվարությունները էլ ավելի չմեծանան: 

Արման Թաթոյանն իր աշխատակազմի հետ մանրամասն քննարկումներ է ունեցել տեղի կարի արտադրամասի աշխատակից կանանց հետ: Քննարկվել է նրանց ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելու ծրագրեր ու նախաձեռնություններ:

Այդ քննարկումներին մասնակցել է նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի   տնօրեն Ծովինար Հարությունյանը, ով նույնպես ներկայացրել է բնակիչներին աջակցության հնարավորություններ

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մանրամասն արձանագրել են ինչպես ամբողջ համայնքի, այնպես էլ առանձին բնակիչների խնդիրները, տրամադրվել է խորհրդատվություն:

Պաշտպանն իր իրավասության սահմաններում անհրաժեշտ քայլեր կձեռնարկի բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ՝ համագործակցելով իրավասու մարմինների ու գործընկերների հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ