06 08 2021

Կառավարությունը չէր կանխատեսել, որ շոգ է լինելու, դրա համար էլ Սևանից լրացուցիչ 75 մլն խմ ջուր բաց կթողնվի

Կառավարությունը չէր կանխատեսել, որ շոգ է լինելու, դրա համար էլ Սևանից լրացուցիչ 75 մլն խմ ջուր բաց կթողնվի

Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 6-ի իր նիստում հավանություն տվեց օրինագծին, որով առաջարկվում է ոռոգման նպատակով Սևանա լճից 2021 թվականի բացթողնման 170 մլն խմ չափաքանակը դարձնել մինչև 245 մլն խմ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացնելով որոշումը՝ նշեց.

«2021 թ. օգոստոսի 1-ի դրությամբ հանրապետության համեմատաբար խոշոր ջրամբարներում լցվածությունը եղել է 226 մլն խմ, որը 2020 թվականի 351 մլն-ի համեմատ պակաս է 125.70 մլն խմ-ով:

Շոգ եղանակով և սակավ տեղումներով պայմանավորված՝ Մարմարիկ, Քասախ և Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը, և ջրապահանջը լրացնելու նպատակով ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սևանա լճից իրականացվել են պլանավորվածից շուտ ջրի բացթողումներ»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մարտից սկսած պետական մարմիններն իրեն  զեկուցում էին, որ այս տարի ունենալու ենք Սևանա լճի աննախադեպ բարձր մակարդակ. «Այն ժամանակ չգիտեի՞նք, որ ամառ է գալու, ոռոգում է լինելու և այլն: Երկրորդ ինչու է հուլիսի  2-ին կայացված որոշումը էլի իրականություն դառնում վերջին պահին, ափալ-թափալ՝ առանց պատշաճ հանրային քննարկումների»,- հարցրեց Փաշինյանը:

Ի պատասխան շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ կանխատեսումների համաձայն՝ հունիսի 2-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը պետք է հասներ 1901 մ բացարձակ նիշի.

«Խնդիրն այն է, որ այս տարի մենք 12 օր առաջ ջրառն իրականացրեցինք՝ պայմանավորված աննախադեպ բարձր ջերմային ֆոնով: Ջերմային ֆոնը կանխատեսելի էր, որ կլիներ բարձր, բայց որ այսչափ՝ դա չէր կանխատեսվել»,- ասաց Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ դեռևս մայիսին Նիկոլ Փաշինյանն Աժ ամբիոնից ասում էր, որ սենսացիոն նորություն է սպասվում․ Սևանի մակարդակը ամենաբարձրը կլինի վերջին 60 տարվա ընթացքում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ