ԱՄՆ Պետդեպարտամենտը երկրի քաղաքացիներին կոչ է անում COVID-19-ի պատճառով վերանայել Հայաստան այցելելը։ Այս մասին նշված է hուլիսի 26-ին ամերիկյան դիվանագիտական գերատեսչության հրապարակած հաղորդագրության մեջ։
Դրա համաձայն՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները COVID-19-ի պատճառով Հայաստանի համար ճանապարհորդների առողջության 3-րդ մակարդակի ծանուցում են հրապարակել, ինչը վկայում է երկրում COVID-19 բարձր մակարդակը:
Բացի այդ, Պետդեպարտամենտը հաղորդագրության մեջ իր քաղաքացիներին կոչ է անում չուղևորվել Լեռնային Ղարաբաղ, ինչը պայմանավորված է զինված հակամարտությամբ:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում շարունակում են կորուստներ գրանցվել: Ընդհատված կրակոցները և հրետանային համակարգերի ժամանակ առ ժամանակ օգտագործումը, ներառյալ ցամաքային ականներն ու ականանետերը, ամեն տարի հանգեցնում են մահվան և վիրավորների: Խուսափեք «շփման գծի» մոտակայքում գտնվող ճանապարհներից և Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի մոտակայքում ճանապարհներից:
ԱՄՆ կառավարությունն ի վիճակի չէ արտակարգ ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ ԱՄՆ կառավարության աշխատակիցները սահմանափակված են այնտեղ ճանապարհորդելու հարցում», - նշված է Պետդեպարտամենտի հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին՝ 44-օրյա պատերազմի սկսվելուց մեկ օր առաջ ԱՄՆ կրկին հորդորել էր իր քաղաքացիներին հեռու մնալ հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը