19 07 2021

Քո գլուխը քեզ վրա է այն պարզ պատճառով, որ Գեղամի 18 տարեկան տղան գլուխ չի խոնարհել թուրքի առաջ․ Բաց նամակ կարմիրբերետավորին

Քո գլուխը քեզ վրա է այն պարզ պատճառով, որ Գեղամի 18 տարեկան տղան գլուխ չի խոնարհել թուրքի առաջ․ Բաց նամակ կարմիրբերետավորին

Դու շաբաթ օրը հրամայել ես քո կոլեգաներին՝ Գեղամ Նազարյանի գլուխը խփել գետնին։

Հիշեցնեմ, որ քո գլուխը քեզ վրա է այն պարզ պատճառով, որ Գեղամի 18 տարեկան տղան գլուխ չի խոնարհել թուրքի առաջ։

Անծանոթ կարմիր բերետավոր. չկասկածելով քո ինտելեկտի վրա՝ ուզում եմ հիշեցնել, որ Օսվենցիմի «զոնդերկոմանդները» կազմված են եղել հիմնականում հրեաներից։ Նրանք են, որ խաբելով, սպառնալով, ուժի կիրառմամբ, ասել է թե՝ գլուխը գետնին խփելով, հրեաներին քշել գազային խցիկներ, հետո միացրել դրանք, հետո մարմինները գցել վառարանները։

Այնպես որ՝ անմարդկային արարքների շարքում քո արածը մեծ բան չէ։

Բայց գիտե՞ս, թե Օսվենցիմի «զոնդերկոմանդները» ինչով են նաև հայտնի. մի պահի նրանք դադարել են «հրամանի մեքենա» լինել, հիշել են, որ մարդ են, հրաժարվել են անմարդկային հրամաններ կատարել ու ապստամբել են։ Շատ հետաքրքիր պատմություն է, խորհուրդ կտամ՝ կարդաս։

Այս պատերազմին շատ ոստիկաններ զոհվեցին, և ընդհանրապես, ոստիկանը շատ հարգված ու կարևոր մասնագիտություն է։ Ես 28 տարեկանից աշխատել եմ մեր երկրի ամենակարևոր շենքերում ու շատ լավ տեղյակ եմ, թե մեր պետության համար բարդ փուլերում ինչ կարևոր դեր են կատարել ոստիկանները։ Վստահ եմ, որ երբ այս աբսուրդի թատերախումբը, որ իրեն իշխանություն է կոչում, վերադառնա կուլիսներ, ոստիկանը նորից կստանձնի իրեն վերապահված՝ օրենքի պահապանի դերը։

Բայց մինչ այդ, անծանոթ կարմիրբերետավոր, դու պետք է ներողություն խնդրես Գեղամից։ Ձևը դու ընտրիր՝ միջնորդավորված, զուսպ, հրապարակայնորեն, նույնիսկ՝ կոլեգաներիդ միջավայրում, որովհետև նրանց մեջ կարգին մարդիկ կան, որոնք շաբաթ օրը իրենց ընտանիքներում վատ են զգացել քո հրամանի պատճառով։

Չեմ ուզում ծանրաբեռնել քո մտազբաղ գլուխն այնպիսի թեմաներով, ինչպիսին է համակարգի մի մասնիկը լինելը, հրաման կատարելը և այլն։ Դրանց մասին ամբողջական փիլիսոփայական, իրավագիտական ուղղություններ կան, միջազգային հնչեղության հայտնի դատավարություններ։ Թեև մի օր եթե հանդիպենք ու կամենաս՝ կպատմեմ դրանց մասին։ Բայց պայմանը մեկն է՝ դու պետք է ներողություն խնդրես Գեղամ Նազարյանից։

Մի´ արա դա իմ ասելով. քո ընկերների հետ նստիր, քննարկեք, խոսեք։ Եվ ընդհանրապես, մի´ վախեցեք իրար հետ խոսելուց։ Դա կհեշտացնի ապրելը և կհեշտացնի մեր ընդհանուր գործը։

Խոսեք, թե ինչո՞ւ է մեկ հոգու ցանկությամբ բանտում պահվում պրոֆեսոր Չարչյանը, որն ունի առողջական լուրջ խնդիրներ։ Հաստատ Չարչյանը ձեզնից որևէ մեկին, ձեզ շատ թանկ մեկին բուժած, փրկած կլինի։ Տղերքով սուրճ խմելիս նայեք իրար ու այդ հարցը տվեք։ Խոսեք, թե ինչու է թուրքը Երևանից 60 կմ հեռավորության վրա կրակում ու Սևանից 6 կմ հեռավորության վրա արդեն։ Ժամանակն է, որ բոլորս բոլորի հետ սկսենք խոսել։ Խոսեք, թե ինչո´ւ առնվազն հոկտեմբերի 19-ն Հայաստանը չհամաձայնեց պատերազմի դադարեցմանը։ Գուցե Հայաստանը համաձայն էր, բայց այն Մեկը համաձայն չէր, ու մենք դրանից հետո տվեցինք օրական 100 նոր զոհ, բազմաթիվ վիրավորներ ու Շուշին։

Համբերատար խոսենք նաև այն երասխավանցու, կութեցու հետ, որը քվեարկել է Նիկոլի օգտին, ու դրանից 20 օր հետո ասում է, որ «ընտրություններից հետո սկսել են շատ կրակել ու մենք անպաշտպան ենք»։

Խոսեք, թե ինչու են երկրի բոլոր կրթված մարդիկ արդեն ութ ամիս է՝ փողոցներում, իսկ դուք՝ նրանց դիմաց։ Խոսելը շատ կարևոր է. դա մի լավ բանի հաստատ կբերի։ Գլուխը գետնին խփելը, գլուխ թռցնելը դժվար բան չէ, դա կա ու կա։ Մանավանդ, որ այսպես շարունակվելու դեպքում թուրքը մեր պետության գլուխն է վերջնականապես գետնին տալու՝ Ամարասից մինչև Մեղրի ու Տավուշ։ Իսկ մինչ այդ կարևոր է   քո ներողությունը, գուցե դրանից սկսվի մեր պետության փրկությունը։

 

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ