16 07 2021

Արցախից տեղահանված բնակչության թվաքանակը կազմում է 21615 մարդ

Արցախից տեղահանված բնակչության թվաքանակը կազմում է 21615 մարդ

2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում ժամանակավոր (փաստացի) բնակվող՝ Արցախից տեղահանված բնակչության թվաքանակը կազմում է 21615 մարդ կամ 5448 ընտանիք: Նշված թվաքանակի 68.7%-ն ապրում է ՀՀ մարզերում, 31.3%-ը՝ քաղաք Երևանում, տեղեկացնում է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը:

Օպերատիվ շտաբը վերսկսել է իր այցելությունները մարզեր: Այցելությունների շրջանակներում երեկ՝ հուլիսի 15-ին կայացել է մարզային առաջին հանդիպումը․ Օպերատիվ շտաբի պետի տեղակալ Կ. Պետրոսյանը, Քաշաթաղի վարչակազմի գրասենյակի պատասխանատու Հ. Բերբերյանը և Հադրութի վարչակազմի գրասենյակի աշխատակից Ս. Հակոբյանը Շտաբի պետի հրամանով այցելել են Արագածոտնի մարզ, մասնավորապես, Թալին և Ապարան համայնքներ հանդիպելով այդ համայնքներում ժամանակավորապես ապաստանած տեղահանված արցախցիների հետ: Այստեղ, համապատասխանաբար, ապրում են՝ 17 ընտանիք Ապարանում, 16 ընտանիք՝ Թալինում:

Հանդիպման ժամանակ քննարկվել են բազմաթիվ և տարաբնույթ հարցեր: Որոշ հարցեր իրենց լուծումը ստացել են տեղում, որոշները ներկայացվել են դիմումների տեսքով՝ հետագա ընթացքավորման համար։

Շտաբի կողմից դեպի մարզեր այցելությունները կրելու են պարբերական բնույթ: Հանդիպման ժամն ու վայրը բնակիչներին կտեղեկացվի զանգերի միջոցով (համայնքի կողմից ընտրված զանգատերերին խնդրում ենք փոխանցել համայնքի մյուս բնակիչներին ևս):

Մարզային այցելությունների միջոցով նախատեսվում է հանդիպել մարզերում բնակվող բնակչության 60%-ի հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ