15 07 2021

ԱՄՆ-ն 5 մլն դոլար կհատկացնի Հայաստանում երիտասարդների հետ աշխատելու համար

ԱՄՆ-ն 5 մլն դոլար կհատկացնի Հայաստանում երիտասարդների հետ աշխատելու համար

Sputnik Armenia-ն գրում է․ USAID–ում ընդգծում են, որ ծրագիրն ուղղված է Հայաստանի երիտասարդությանը կոլեկտիվ գործողություններում ներգրավելուն, որոնք կարող էին ազդել պետական քաղաքականության վրա և պատասխանատվության ենթարկել կառավարությանը։

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պատրաստ է 5 մլն դոլար հատկացնել Հայաստանում երիտասարդության հետ աշխատելու, ավելի կոնկրետ` «հասարակությունում ժողովրդավարական սկզբունքների և պրակտիկաների առաջմղման» համար։ Այս մասին, RT–ի փոխանցմամբ, ասվում է դրամաշնորհի նկարագրության մեջ։

Ինչպես նշվում է փաստաթղթում, վերջին մի քանի տարիների ընթացքում հայ երիտասարդությունը բավական ակտիվ մասնակցություն է ունեցել այդ թվում երկրի քաղաքական կյանքում, ինչն առավել ցայտուն է դրսևորվել 2018 թվականի «թավշյա հեղափոխության» ժամանակ։

Ներկա պահին, սակայն, Հայաստանի բնակչության մասնակցությունն այդ ոլորտում հիմնականում արտահայտվում է քվեարկությանը մասնակցելու, իշխանությանը հրապարակային քննադատելու կամ նրան չենթարկելու հնարավորությամբ։

Ամերիկացի մասնագետների կարծիքով` երկրում անհրաժեշտություն է ձևավորվել տեղեկացնել հասարակությանը այն ինստիտուտների աշխատանքի մասին, որոնց օգնությամբ այն կարող է արտահայտել իր հայացքներն ու դժգոհությունը։

Այսպես, օրինակ, խոսելով իր նոր նախաձեռնության մասին, USAID–ում նշում են, որ այն ուղղված է Հայաստանի երիտասարդներին «կոլեկտիվ գործողություններում ներգրավելուն, որպեսզի այն ազդի պետական քաղաքականության վրա և կառավարությանը պատասխանատվության ենթարկի»։

«Միջոցառման նպատակն է ներգրավել երիտասարդությանը (10-29 տարեկան) հայ հասարակության մեջ ժողովրդավարական սկզբունքների և պրակտիկաների առաջմղմանը հետևյալ կերպ. առաջինը` ֆորմալ կրթության համակարգի շրջանակում երիտասարդների մոտ քաղաքացիական հմտությունների և քաղաքացիական պատասխանատվության զգացում զարգացնելու, երկրորդը` ոչ ֆորմալ կրթության ծրագրերի միջոցով երիտասարդների քաղաքացիական մասնակցության համար հնարավորություններ ստեղծելու, և երրորդ` երիտասարդների քաղաքացիական մասնակցության համար բարենպաստ միջավայր զարգացնելու միջոցով»,– գրված է տեքստում։

Ամերիկյան գործակալությունում կարծում են, որ այդ գործունեությունը երիտասարդ տղաների և աղջիկների մոտ կսերմանի «ժողովրդավարական հասարակության մեջ քաղաքացիներին անհրաժեշտ» պատասխանատվության զգացում և թույլ կտա նրանց ակտիվ մասնակցել Հայաստանում «ժողովրդավարական ինստիտուտների աջակցմանն ուղղված» քաղաքացիական նախաձեռնություններին։




 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ