Շիրակի մարզպետը քաղաքական դրդապատճառներով հունիսի 11-ին ինձ ազատել է Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնից։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի արդեն նախկին տնօրեն Արփինե Նիկողոսյանը:
Նա ներկայացրեց, որ մեկնաբանություն է գրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի այն գրառման տակ, թե «Գյումրին ասես ժպտում է քարոզարշավի ժամանակ»: Նիկողոսյանը մեկնաբանել է, թե նրանք խլել են գյումրեցիների ժպիտը։
«Այդ մեկնաբանությունն անելու հաջորդ առավոտյան գնացել եմ աշխատանքի, աշխատել եմ, երեկոյան կանչել են մարզպետարան ու ինձ փոխանցել ազատման հրամանը։ Բացարձակ ոչ մի պատճառաբանություն չեն ներկայացրել, կադրերի բաժինը աշխատակիցը տվել է հրամանն ու վերջ»,-ասաց դպրոցի նախկին տնօրենը։
Նիկողոսյանը նշեց, թե վերջին 3 տարիներին Շիրակի բոլոր մարզպետները՝ Կարեն Սարուխանյանը, Տիգրան Պետրոսյանը, Հովհաննես Հարությունյանը իրեն ցանկացել են հեռացնել աշխատանքից։
«Պատճառն իմ կուսակցական պատկանելիությունն է, դաշնակցական եմ։ Այդ տարիների ընթացքում չէին էլ խուսափում ասել, որ ինձ աշխատանքից ազատելու ցանկության պատճառը դաշնակցական լինելս է։ Կարեն Սարուխանյանի՝ մարզպետ լինելու ժամանակվանից եկան դպրոցում ստուգումների, նույնիսկ առաջարկ ստացա ՀՅԴ-ից դուրս գալ, հետո քրեական գործեր հարուցվեցին, որոնցից մեկը նախաքննության փուլում փակվեց, մեկը՝ հետաքննության փուլում։ Մեր դպրոցը 3 տարի շարունակ «մաղով անցկացրել են», ազատման ոչ մի հիմք չեն գտել․ ընտրություններից առաջ էլ, իրենց կարծիքով, ինձ վնասազերծեցին»,- ասաց Նիկողոսյանը։
Նրա խոսքով՝ ազատման հրամանում նշված է, թե իրեն ազատում են անվստահության հիմքով, սակայն, ըստ դպրոցի նախկին տնօրենի, այդ դեպքում տարբեր գործողություններ պետք է նախորդեին, բայց չեն եղել։ «Ուղղակի քմահաճույք էր, ինչ էին ուզում ապացուցել՝ որ իրենց վերադասի նկատմամբ իրենց պարտականությունը կատարեցի՞ն»,-ասաց Նիկողոսյանը։
Դպրոցի նախկին տնօրենը դիմել է դատարան՝ պահանջելով չեղյալ հայտարարել մարզպետի որոշումն ու նրան վերականգնել տնօրենի պաշտոնին։
Նիկողոսյանը նաև հայտնեց, որ շարունակում է գնալ աշխատանքի, ինչի համար երեկ իրեն հրավիրել են մարզպետարան ու ասել՝ այլևս դպրոց չմտնի։
«Ես գնում եմ դպրոց, որովհետև պահեստի բանալին ինձ մոտ է, ի վերջո, ինձ պատահական են ազատել, իսկ ես բոլոր քննական հանձնաժողովների նախագահն եմ, այդ հրամանը ոչ ոք չի չեղարկել, նաև՝ դպրոցը մարզային ենթակայության միակ դպրոցն է ամբողջ Հայաստանում, որ հիմա պետք է ուսուցիչներ վերապատրաստի, ու ամենաթեժ շրջանում, որ ես պետք է այդ աշխատանքներով զբաղվեի, ինձ ասում են՝ դպրոց մի մտիր։ Լավ, ես տնօրեն չեմ, բայց վերապատրաստող կազմակերպության պատասխանատու եմ՝ հրամանով»,- ասաց նա՝ նշելով նաև, որ այս պահին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար չկա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը