Բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Չարչյանը և բժիշկ-վիրաբույժ, «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար Սամվել Սողոմոնյանը հոդված են հրապարակել, որում անդրադարձել են աղետների բժշկության և շտապօգնության ծառայության խնդիրներին․
«Հայ էթնոսը իր հազարամյակների պատմության ընթացքում ունեցել է 15 մայրաքաղաք ՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի, Տարսոն և Սիս(Կիլիկիայի հայոց թագավորություն) , Երևան և Ստեփանակերտ (Արցախի Հանրապետություն)։ Հայոց մայրաքաղաքների բացարձակ մեծամասնությունը ավերվել է բնական աղետների կամ պատերազմների հետևանքով։ Աշխարհի պատմության մեջ քիչ չեն նաև համաճարակների պատճառով կործանված քաղաքները, երկրները և ամբողջ ազգեր։
Բնական աղետ՝ ավերիչ երկրաշարժ, համաճարակ և պատերազմ տեսավ նաև մեր սերունդը, և մեր հետնորդները հավանաբար նույնպես կտեսնեն երկրաշարժեր ու համաճարակներ, բայց հուսամ ոչ պատերազմ։
Այս հոդվածում կխոսենք Հայաստանի և մեր առողջապահական համակարգի համար անկյունաքարային կարևորության մի ոլորտի մասին , որն է աղետների բժշկությունը և շտապ օգնությունը:
Փորձագիտական գնահատմամբ հայաստանցիների ավելի քան 80 տոկոսը ենթակա է տարերային աղետների վտանգի և մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ բնական աղետների հավանականությունը շատ բարձր է, իսկ պատերազմն ու համաճարակը դեռ շարունակվում են:
Աղետը սահմանվում է որպես ցանկացած ավերիչ կամ անբարենպաստ իրադարձություն, որը գերազանցում է նրան ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ:
Աղետը կարող է վրա հասնել այն պահին, երբ ամենից քիչն ես դրան սպասում: 2020-ին մենք դրանում համոզվեցինք: Գարնանը Հայաստանը հայտնվեց ՔՈՎԻԴ-19 համավարակի ճիրաններում, որը ծնկի բերեց առողջապահական համակարգը, իսկ հետո սկսվեց պատերազմը: Մեր քաղաքների վրա ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր էին պտտվում: Հաջորդող օրերին երևանյան շենքերի մուտքերում հայտնվեցին ցուցանակներ, որոնք բնակիչներին տեղեկացնում էին ապաստարանների մասին ու խորհուրդ տալիս հավաքել առաջին անհրաժեշտության իրերը և կարևոր փաստաթղթերը մեկ պայուսակում: Մենք շրջապատված ենք թշնամաբար տրամադրված հարևաններով, մի՞թե սա անակնկալ էր մեզ համար: Փաստորեն, այո: Իրականությունն այն է, որ երկիրը մշտապես կանգնած է աղետի շեմին, իսկ մենք շատ բան չենք նկատում, այնքան ժամանակ, քանի դեռ աղետը չի թակում մեր դուռը։
Պատերազմի օրերին Շտապ օգնության մեքենաները մայրաքաղաքից ավելի քան 2600 անգամ մեկնեցին Արցախ և սահմանամերձ շրջաններ, որոնք մինչև 8 ժամվա հեռավորության վրա են:
Աղետների արձագանքումը հատուկ նշանակություն ունի Հայաստանի համար։ Հանրապետությունը սեյսմավտանգ գոտում է, մշտապես առկա է պատերազմի սպառնալիք, համավարակների դեմ պայքարի համար անհրաժեշտ ռեսուրսների խիստ պակաս կա: Դա արդեն հասկացել ենք։
Իսկ ին՞չ է պետք անել.
Պատասխանը թաքնված է «Աղետ» եզրույթի վերոնշյալ բնորոշման մեջ։ Բարձրացնենք մեր երկրի, քաղաքացիների , առողջապահական համակարգի պատրաստվածությունը համարժեք արձագանքելու և հետևանքները կդադարեն լինել աղետալի։
Իսկ ինչպե՞ս բարձրացնենք․
Առաջնային է Աղետների մոդելավորման , կառավարման մեխանիզմներ ներդնելը, դրանք պարբերաբար փորձարկելը տարբեր վարժանքներով, և բնակչության աղետներին դիմակայելու պատրաստվածության մակարդակը բարձրացնելը:
Մեր յուրաքանչյուր քաղաքացի դպրոցում, քոլեջում, համալսարանում իսկ հետո նաև աշխատավայրում, պարբերաբար պետք է աղետներին դիմակայելու դասընթաց անցնի: Մենք պարտավոր ենք ունենալ քաղաքացի, որը գիտի ոնց փրկել իր և ապա ուրիշի կյանքը: Գիտի և կարող է դա անել: Դա մեզ կօգնի շատ կյանքեր փրկել: Բժշական կրթություն իրականացնող որևէ կառույց չպետք է լիցենզիա ստանա, եթե չունենա աղետների բժշկության դասավանդման կենտրոն և վարժահրապարակ (полигон).
Անհրաժեշտ է մտածել նաև կիբեռանվտանգության, ջրի հասանելիության, բջջային կապի, էներգետիկ պաշարների մասին, նաև հիվանդանոցների ստորգետնյա ռմբապաստարանների, տարհանման ուղիների և հաղորդակցության ռեզերվային համակարգերի մասին:
Բայց բնակչության պատրաստվածության մակարդակից բացի , պետք է էականորեն բարձրանա նաև առողջապահական համակարգի ունակությունը արագ արձագանքելու և մոբիլիզացվելու: Այդ ունակությունը պետք է կիրառվի նաև առօրյա կյանքում։ Մեր երկրում ցավոք շատ են այն մահերը, որոնք կարելի էր կանխարգելել՝ ժամանակին և ճիշտ առաջին բուժօգնություն տրամադրելու միջոցով: Համաշխարհային բանկի տվյալներով՝ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում մահերի ավելի քան 50 տոկոսն ու հիվանդությունների 40 տոկոսը կարելի է նվազեցնել համարժեք անհետաձգելի բժշկական օգնության միջոցով: Իսկ ինչպե՞ս դա անենք
Մեր բոլոր հիվանդանոցները պետք է ունենան անհետաձգելի բուժօգնության ծառայություններ (Emergenсy), որոնք ֆինանսավորվեն պետպատվերով: Այդ ծառայություններին կից պետք է գործեն շտապ օգնության մեքենաները և ռեանիմոբիլները: Ինսուլտով, ինֆարկտով կամ տրավմայով հիվանդը պարտադիր չէ, որ մահանա կամ հաշմանդամ դառնա: Ժամանակին տրամադրված բուժօգնություն, ժամանակին իրականացված էվակուացիա դեպի մասնագիտացված հիվանդանոց և դեպքերի բացարձակ մեծամասնությունում մենք կփրկենք հիվանդին:
ԵՎ չմտածեք, որ դա թանկ է: Զարմանալի է, բայց կան հստակ հաշվարկներ, որ անհետաձգելի օգնությունը հանրային առողջապահության ոլորտի գործիքներից տնտեսապես ամենաարդյունավետն է: Անժամանակ մահերի կանխարգելումը երկրի տնտեսության համար ահռելի դրական ազդեցություն է ունենում:
Եվ վերջում ուզում եմ Ձեզ մի օրինակ բերել մեր ներկայիս իրականությունից ․
Արարատի մարզի Արգավանդ գյուղից Երևանի ՀԱԹ շտապ-օգնության կայանը գտնվում է մոտ 5 րոպեյի հեռավորության վրա, բայց երբ արգավանդցին շտապ-օգնության կանչ է տալիս, պարզվում է, որ բրիգադը պետք է գա Մասիս քաղաքից՝ մոտ 40 րոպե անց, որովհետև այդ գյուղը կցված է Մասիսի ԲԿ-ին։ Իսկ եթե ուզում եք, որ գա ՀԱԹ շտապ-օգնության մեքենան ու գա 5 րոպեից, պետք է վճարել 10,000 դրամ։ Ես և իմ թիմը դա այդպես չենք թողնելու։ Մեզ փոփոխություններ են պետք։
Հարգանքով
Արմեն Չարչյան
Սամվել Սողոմոնյան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը