Երեկ Մեծավանի գերեզմանատանը Նիկոլ Փաշինյանին լացելով դիմավորած որդեկորույս կինը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հորաքույրն էր: Այս մասին տեղեկացնում է irakanum.am-ը
Հիշեցնենք, որ Փաշինյանը Մեծավան նախընտրական քարոզարշավի շրջանակում էր այցելել ու իր ելույթից հետո գնաց Մեծավանի գերեզմանատուն 44 օրյա պատերազմի ժամանակ զոհված տղաներին հարգանքի տուրք մատուցելու ու տղաներից մեկի՝ Սեւակ Սերոբյանի, շիրիմի մոտ հանդիպեց սեւազգեստ, սգացող հարազատներին: Փաշինյանը գերեզմանին ծաղիկներ դրեց, ծնկի իջավ: Մայրը, տեսնելով այս տեսարանը, արցունքները սրբելով ասաց. «Սեւակ ջան, երկնքից նայի տես ո՞վ է եկել քո մոտ, երկնքից դու տեսնում ես, միշտ սիրել ես իրան, միշտ հարգել ես իրան»: Փաշինյանը համբուրեց սեւազգեստ մոր ձեռքերը, իսկ կինն ասում էր. «Ես արժանի չեմ»:
Irakanum.am-ը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանից հետաքրքրվեց՝ այս սրտառուչ տեսարանը հենց ի՞նքն էր կազմակերպել, ի պատասխան մարզպետն ասաց. «Դա ինձ համար քննարկման թեմա չէ, նույնիսկ ամոթ է, որ դուք զանգել եք ու նման հարցեր եք տալիս: Չեմ էլ ուզում երկխոսության մեջ մտնել, դա իմ ցավն ու վիշտն է, հեռու մնացեք: Թող իրենք գնան շոուներ անեն, ես ոչ մեկի չեմ ցանականա, որ ունենա այն ապրումները, որ ես կամ Սեւակի ծնողներն են ունեցել: Այդ մարդիկ այ էդքան սրբություն չունեն, որ ասում են, թե շոու էր: Ոչ միայն Սեւակի, այլեւ մյուս զոհված տղաների գերեզմանին է գնացել: Դա առաջին ու վերջին անգամը չէ, որ վարչապետը գնացել էր: Այո, այդ կինը իմ հալալ հորաքույրն էր, էդտեղ ինչ կար կազմակերպելու, դուք ինձ ինչի տեղ եք դրել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը