24 05 2021

«Հայանտառ»-ը հաստատում է՝ կրթություն չունեցող «մերոնքականներով» ՊՈԱԿ-ը լցնելու գործընթացը

«Հայանտառ»-ը հաստատում է՝ կրթություն չունեցող «մերոնքականներով» ՊՈԱԿ-ը լցնելու գործընթացը

Yerkir.am-ը գրում է․ 2021 թ. ապրիլի 23-ին հրապարակախոս Էդիկ Բաղդասարյանը «Հրապարակ» թերթում «Կապույտ թղթապանակ» վերնագրով հոդված էր հրապարակել, որում ներկայացվում են նախարարության նոր ղեկավարի՝ Ռոմանոս Պետրոսյանի պաշտոնին նշանակումից հետո գերատեսչությունում տեղի ունեցող գործընթացները, երբ աշխատանքից հեռացվում են Նիկոլ Փաշինյանին ընդդիմադիր աշխատակիցները (օրինակ՝ 10-ամյա փորձ ունեցող աշխատակիցը, որը «Ֆեյսբուք» սոցցանցում Փաշինյանին քննադատել էր կամ գովասանքի խոսքեր չէր գրել նախկին վարչապետին վերաբերող նյութերի տակ), ինչպես նաև այլ ոչ օրինական գործողություններ։

Դրանցից մեկն, օրինակ, այն էր, որ նախարարությանը կից «Հայանտառ» ՊՈԱԿ–ի Գյումրու մասնաճյուղում, առանց տնօրենի պաշտոնակատար նշանակվելու, միանգամից տնօրեն է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Մ.Ա.-ն, որը չունի ո՛չ բարձրագույն կրթություն, ո՛չ աշխատանքային փորձ, ո՛չ էլ մասնակցել է մրցույթի, չնայած նույնիսկ մրցույթ չի հայտարարվել։ Թեև Անտառային կոմիտեն իր հերքման մեջ գրել էր՝ այս նշանակումը կատարվել է օրենսդրությանը համապատասխան, իսկ Մ.Ա.-ն  ուղղակի անցնում է եռամսյա փորձաշրջան։

168.am կայքն անդրադարձել էր այդ նույն թեմային՝ նշելով, որ, առանց դիպլոմի առկայության, փորձաշրջան չի լինում նման պաշտոնում, ինչի մասին պնդում էր ՊՈԱԿ–ը։

Կայքի տեղեկություններով՝ Սիսիանի անտառտնտեսություն մասնաճյուղում աշխատանքից ազատել են մասնագիտական կրթություն և բազում տարիների աշխատանքային փորձ ունեցող ավագ անտառապետին, իսկ նրա փոխարեն նշանակվել է նախկինում ուժային կառույցում աշխատած (Հայաստանի ռազմական կայազորներից մեկում) Ալիկ Հայրապետյանը, որ ոչ միայն մասնագիտական կրթություն չունի, այլև ուժային կառույցից հեռացվել է փաստաթղթեր կեղծելու (դիպլոմ կեղծելու) համար։

«Հիմա դիմում եմ Անտառային կոմիտեին՝ եթե այդքան մաքուր, ազնիվ եք աշխատում, ապա ճշտեք՝ ի՞նչ հիմքով է «Հայանտառ» ՊՈԱԿ-ն աշխատանքի վերցրել Ալիկ Հայրապետյանին, արդյո՞ք աշխատանքային գրքույկի և անձնական թերթիկի մեջ նշել է նախորդ աշխատավայրը, արդյո՞ք ունի դիպլոմ, թե՞ ոչ, արդյո՞ք ուժային կառույցից հեռացվել է կեղծ դիպլոմի պատճառով, թե՞ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր զրուցակիցը՝ անդրադառնալով ՊՈԱԿ–ի անհիմն հերքմանը։

Կայքը հարցադրում էր արել, որ եթե այդ տեղեկությունները ճիշտ են, ապա ի՞նչ հիմքով են վերոնշյալ անձինք շարունակում պաշտոնավարել, սակայն դրանից հետո ՊՈԱԿ–ը ոչ մի հայտարարությամբ հանդես չեկավ, ինչը եկավ ապացուցելու, որ ինչպես «Հրապարակի», այնպես էլ «168 ժամի» պնդումները համապատասխանում են իրականությանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ