18 05 2021

Տիկնայք, պարոնայք, կամ դեռևս չճշգրտված սեռի ներկայացուցիչներ, դուք պրիմիտիվ եք. Ռուբեն Մելքոնյան

Տիկնայք, պարոնայք, կամ դեռևս չճշգրտված սեռի ներկայացուցիչներ, դուք պրիմիտիվ եք. Ռուբեն Մելքոնյան

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը գրում է․

«Այսօր գալով աշխատավայր` ԵՊՀ, նայեցի օրվա գրությունները և դրանցից մեկը առաջացրեց ժպիտ և նեղմտության հանդեպ զզվանքի զգացողություն: Իշխանական «Հայկական ժամանակ» թերթը ԵՊՀ-ից խնդրում է տվյալներ իմ գիտական կենսագրության մասին` երբ եմ պաշտպանել թեկնածուական և դոկտորական ատենախոսությունները, «ինչ հանգամանքներում», ովքեր են քվեարկել, որքան դեմ և կողմ:

Սակայն անզեն աչքով անգամ նկատելի է, որ համալսարանական դիպլոմ այդպես էլ չստացած լրագրողի հիմնադրած թերթի աշխատակիցը չի կարողացել քողարկել ակնհայտ միտումը, քանի որ հարցումը պարունակում է նման տեղեկություններ պահանջող գրություններում 1953 թվականին Ստալինի մահից հետո երբևէ չհանդիպող հարցեր:

Նախ` իրենց իշխանության հանդեպ իմ անթաքույց բացասական վերաբերմունքի ֆոնին այսպիսի անգրագետ հարցումը` ինձ հիմնավոր կասկածի հիմք է տալիս միտումի առկայության և իշխանության կողմից սողացող ճնշման նպատակադրվածության վերաբերյալ: Ատենախոսությունների պաշտպանության ընթացակարգը հստակ է, քվեարկությունը` փակ, գաղտնի: Իմ երկու ատենախոսություններն էլ պաշտպանվել են հանձնաժողովների միաձայն կողմ քվեարկությամբ, պաշտպանության ողջ գործընթացի մասին արձանագրությունները և տեսաձայնագրությունները առկա են ՀՀ ԲՈԿ-ում:

Միայն մի խնդիր կա, որը ինձ «անհանգստացնում է». իմ ատենախոսությունները, մոտ մեկ տասնյակ գրքերը, դասագրքերը, 90-ից ավելի գիտական հոդվածների մեծ մասը օբյեկտիվ, սակայն հակաթուրքական բնույթ ունեն: Միգուցե սա է մտահոգություն առաջացրել «թշնամանքը կառավարել» ցանկացող առանց բարձրագույն դիպլոմի անձի իշխանության և նրա թերթի մոտ:

Մի «մեղք» էլ ունեմ. իմ բազմաթիվ թուրքագետ-սաները (այդ թվում գիտական կոչումներ ունեցող) տարբեր ոլորտներում` գիտական, վերլուծական, կրթական, մամուլի, պետական տարբեր գերատեսչություններում իրականացնում են մասնագիտական գործունեություն, իսկ մասնագիտական` թյուրքագիտական իմացությունը որևէ մեկին չի կարող թույլ տալ Ալիևին համարել «կիրթ, կառուցողական», ընդունել «թշնամանքը կառավարելու» տխմար և տգետ տեսությունը, Շուշին անվանել Շուշա և այլն:

Ինչևէ, ես միշտ սիրով եմ շփվում մամուլի հետ, ուստի պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին ինչպես մասնագիտությանս, այնպես էլ իմ համեստ անձի հետ կապված: Ի դեպ, պատրաստ եմ այս թեմայով պատասխանել անգամ «Հայկական ժամանակ»-ի, թուրքական և ադրբեջանական մամուլի հարցերին:

Հ.Գ. դասական ֆիլմում Բենդերը ասում է. «Շուրա, դուք պիժոն եք...»:

Ես ասում եմ. տիկնայք, պարոնայք և այլ կամ դեռևս չճշգրտված սեռի ներկայացուցիչներ, դուք պրիմիտիվ եք»:

 

 

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ