ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Սյունիքում ստեղծված իրավիճակին։ Հայտարարությունում ասվում է․
«Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն իր մտահոգությունն է հայտնում Սյունիքի շուրջ ստեղծված իրադրության, մասնավորապես, մարզի Սև լճի հատվածում ադրբեջանական զորքերի՝ պետական սահմանի ապօրինի հատման և 3.5 կմ խորությամբ առաջխաղացում իրականացնելու կապակցությամբ։
Միաժամանակ պետք է արձանագրել, որ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման այս միջադեպերը էսկալացիայի ռիսկեր են պարունակում, որոնց կանխման, չեզոքացման ուղղությամբ գործող իշխանություններն անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկում։
Ներկայիս ապիկար վարչակազմը չի տիրապետում Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման և պետության ինքնիշխանության վերականգնման ոչ ներքին, ոչ արտաքին գործիքակազմերին:
Գործադիր մարմինը նաև արձանագրում է, որ գործող վարչախմբի պաշտոնավարման յուրաքանչյուր օրը մեծացնում է Հայաստանին ու Արցախին, հավաքական առումով՝ հայ ժողովրդին սպառնացող վտանգները»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը