06 05 2021

Գերությունից վերադարձած 19-ամյա Ռոբերտը դեռ հոսպիտալում է. նրան ուզում են տանել ծառայության. Զոհրաբյան

Գերությունից վերադարձած 19-ամյա Ռոբերտը դեռ հոսպիտալում է. նրան ուզում են տանել ծառայության. Զոհրաբյան

Նախօրեին ադրբեջանական գերությունից վերադարձած 19-ամյա Ռոբերտ Վարդանյանը դեռ Մուրացանի հոսպիտալում է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ռոբերտը այն չորս տղաների հետ է եղել, ովքեր Հադրութում ընկել են շրջափակման մեջ եւ գերեվարվել են նոյեմբերի 28-29-ին՝ պատերազմի ավարտից հետո։

Ռոբերտի հայրը՝ Հայկը, ինձ պատմեց, որ իրենք միայն ադրբեջանական տելեգրամ ալիքներում տարածված հայտնի տեսանյութից են իմացել, որ տղաները գերության մեջ են։ Ու հիմա, ինչպես պատմում է հայրը, որդին դեռ շատ լուրջ բուժման կարիք ունի։

Ինչի՞ էր ինձ դիմել Ռոբերտի հայրը։ Որովհետեւ լսել էր, որ մոտ ժամանակներս որդուն, ով նորակոչիկ էր, կրկին պիտի տանեն ծառայության։ Հայրը պնդում է, որ որդին այնպիսի ֆիզիկական եւ հատկապես հոգեբանական վիճակում է, որ ծառայությունը շարունակել չի կարող։

Ի դեպ, նույն խնդրով ինձ դիմել էին 80 օր գերության մեջ մնացած եւ փետրվարի 9-ին գերությունից ազատված Արայիկ Գալստյանի մերձավորները։ Արայիկը տղաների այն խմբում էր, որ 40 օր Հադրութի Վան գյուղի տներից մեկում պատսպարված են եղել ու հետո գերեվարվել են։ Արայիկը եւս ունի առողջական բարդ խնդիրներ եւ ըստ հարազատների, ծանր հոգեբանական վիճակում է, սակայն նրան արդեն տեղեկացրել են, որ պիտի գնա ծառայության։

Կարծում եմ, սա անընդունելի մոտեցում է եւ գերությունից վերադարձած տղաներին «պավեստկա» ուղարկողները երեւի չեն պատկերացնում, թե ի՞նչ ասել է գերություն, այն էլ՝ ադրբեջանական։ Այս տղաներին լուրջ սոցիալ-հոգեբանական վերականգնում է պետք եւ պետությունը նման վիճակում նրանց կրկին զորանոց տանելու փոխարեն պարտավոր է զբաղվել այդ տղաների առողջության վերականգնմամբ ու սոցիալական ինտեգրացիայով։

Բոլոր արդարացումները, թե նրանց համար ծառայության այլ, առավել թեթեւ ռեժիմ է սահմանվում, լուրջ չեն, քանզի նրանք վերադարձել են Ալիեւի երախից եւ առնվազն տեւական ժամանակ չեն կարող ծառայել։

Եւ քանի որ հայաստանյան օրենսդրությունը գերությունից վերադարձած զինծառայողների համար որեւէ արտոնություն չի սահմանում, արդեն իսկ պատրաստել եմ օրենքի նախագիծ, որը ենթադրում է, որ գերությունից վերադարձած զինծառայողները պարտադիր օգտվում են տարկետման իրավունքից, իսկ առողջական լուրջ խնդիրներ ունեցողները, մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունից հետո, ազատվում են զինվորական ծառայությունց։

Սա ազնիվ է, սա արդար է։

Իսկ հիմա դիմում եմ պաշտպանության նախարարին՝ առաջարկելով իրենց կառավարությունում քննարկել ադրբեջանական գերությունից վերադարձած զինվորներին տարկետում տալու, իսկ ֆիզիկական եւ հոգեբանական լուրջ ցնցումներ տարածներին ընդհանրապես ծառայությունից ազատելու հարցը։

Մենք ոչինչ չարեցինք, որ այդ տղաները ապահով ծառայեն հայրենիքին ու վերադառնան տուն, մենք ոչինչ չարեցինք, երբ տղաները շրջափակման մեջ տասնյակ օրերով օգնության էին սպասում ու նրանց մի մասը սպանվեց, իսկ մի մասը գերեվարվեց ու հիմա մենք պարտավոր ենք թուրքի գերությունից վերադարձածների համար անել գոնե նվազագույնը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ